հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս իշխանություններն ապացուցեին, որ իրենք ժողովրդավարությունից շեղվել են․ Վարդևանյան

Այս իշխանություններն ապացուցեին, որ իրենք ժողովրդավարությունից շեղվել են․ Վարդևանյան

Կտրուկ գործողությունների դեֆիցիտ մենք չենք ունեցել, այդ գործողությունները եղել են մայիս, հունիս, հուլիս ամիսներին, ի վերջո, 5 նռնակ է գցվել ժողովրդի գլխին. այս իշխանություններն ապացուցեին, որ իրենք ժողովրդավարությունից շեղվել են: Այս մասին, այսօր Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Անդրադառնալով օգոստոսի 31-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, նա ասաց. «Ունեմ անհանգստություն, ինչպես ցանկացած նման հանդիպումից առաջ եւ ավելի մեծ անհանգստություն, որովհետեւ վերջին շրջանում, երբ նման հանդիպում է եղել, դուք որեւէ դրական լուր լսե՞լ եք:

Օրինակ, Աղավնոյի ու Բերձորի դեպքերը, դասական իմաստով իրենց մեջ ցեղասպանության տարր են պարունակում՝ մարդկանց հարկադիր հանել են իրենց տներից: Միջազգային իրավական բոլոր գործիքները այս իշխանություններն իրացրե՞լ են, թե չէ: Չեն արել: Հիմա այս հանդիպման պայմաններում արդյոք դա լինելու է: Չի լինելու»:

Դիտարկմանը, որ կոչեր էին հնչում գնալ ու ներկայություն ապահովել Աղավնոյում ու Բերձորում, այդ թվում ընդդիմության ուղղված, ինչո՞ւ չգնացիք,  Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Երեւի թե պետք է հարցադրումն ուղղել առաջին հերթին Հայաստանի իշխանություններին, երկրորդը Արցախի իշխանություններին: Իրենց հրաժարվելու վերաբերյալ որոշակի հետեւանք չպե՞տք է լինի: Այն, ինչ տեղի ունեցավ, դա նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապ չունի: Ես չեմ կարծում, որ մի հարթակ եղել է, որ մենք դրա մասին բարձրաձայնելու համար չօգտագործենք: Ես կարծում եմ՝ մեր հայրենակիցների ստվար հատվածը համոզմած է, որ եթե այս իշխանությունները մինչեւ Բերձորի  եւ Աղավնոյի էթնիկ զտման, ցեղասպան գործողությունների կատարումը հեռացված լինեին, կամ հեռանային, չէր լինի այն, ինչը տեղի ունեցավ»:

Անդրադառնալով Արցախի դատախազության հայտարարությանը, որ մտադիր են քրեական վարույթ նախաձեռնել Բերձորի եւ Աղավնոյի այն 13 ընտանիքների նկատմամբ, որոնք այրել են իրենց տները, պատգամավորն ասաց. «Դա կլինի խայտառակություն: Ես մեծ հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա: Նախ, յուրաքանչյուրի սեփականության իրացման տեսանկյունից է հարցը, եւ երկրորդը, ի վերջո, մենք հասկանում ենք, չէ՞, թե Բերձորում եւ Աղավնոյում հիմա ովքեր են, այսինքն ում շահերի պաշտպանությանը դա պետք է ուղղված լինի: Հիմա ում շահն են պաշտպանում»:

  • Կիսվել: