ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս իշխանության մեջ կա մեկ պաշտոն, մեկ անձ. «ապագան» մոտ է․ «Փաստ»

Այս իշխանության մեջ կա մեկ պաշտոն, մեկ անձ. «ապագան» մոտ է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտավոր հաշվարկներով, մինչև օգոստոսի 10-ը ազգովի զբաղված ենք լինելու պաշտոնանշանակման «հիվանդությամբ»: Ազգային ժողովի առաջին նիստում «ընտրվելու» են ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ, դրանից հետո 15 օրում ձևավորվելու է կառավարություն, նշանակվելու են փոխվարչապետներ, նախարարներ, հնարավոր է՝ մարզպետների փոփոխություն: Ու բոլորով քննարկելու ենք այս կամ այն թեկնածուին, գովելու ենք, պախարակելու ենք, ցավալու ենք և այլն, և այլն: Իհարկե, շատ կարևոր են կադրերը, հատկապես երբ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է:

Բայց դա բացառապես նորմալ իշխանությունների, նորմալ քաղաքական ուժի պարագայում: ՔՊԿ-ի դեպքում, ինչպես ցույց է տալիս անցած երեք տարին, և՛ ոստիկանապետն է Նիկոլ Փաշինյանը, և՛ էկոնոմիկայի նախարարը, և՛ ԱԱԾ պետը, և՛ ԿԳՄՍ նախարարը: Իսկ պաշտոններին նշանակվածները պարզապես կատարողներ են: Ուստի նշանակումներ անելիս այս իշխանության դեպքում գործում է միայն մեկ տրամաբանություն՝ տվյալ անձը որքանով է ունակ անվերապահ, առանց շեղումների, առանց քննարկումների պարզապես կատարել Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու հրահանգները, որքան էլ դրանք վնաս լինեն ոչ միայն տվյալ ոլորտին, այլև երկրին ու պետությանն ընդհանրապես: Նույնը վերաբերում է նաև խորհրդարանին. ի՞նչ կապ ունի՝ ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու իշխանական փոխնախագահները, առավել ևս՝ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:

71-ից (առայժմ) ով էլ լինի, նույնն է, ոչ մի տարբերություն, նրանց գործառույթը մեկն է՝ կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի մանկության, պատանեկության և հասուն տարիքի բոլոր «բյուրեղյա երազանքներն» ու ցանկությունները: Այնպես որ, պաշտոնների հետ կապված շատ լարվել պետք չէ: Այս իշխանության մեջ կա մեկ պաշտոն, մեկ անձ: Ուրեմն՝ բոլոր հարցերը՝ պարզապես նրա հետ, մյուսները կատարողներ են, փոփոխություններն էլ կապված են բացառապես միայն այն բանի հետ, թե ինչպիսի կատարողներ են ու ինչպիսի «հունանավետիսյաններ»՝ հանուն շեֆի:

Ինչ վերաբերում է նշյալ «բոլոր հարցերին», ապա խոսքն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի ասած «ապագայի» մասին է: Իսկ այդ «ապագան» շատ մոտ է. վկան՝ Երասխի միջադեպը, որի պատճառով զոհ ունենք, Փաշինյանի հայտարարած պատերազմը Սյունիքին, այս ամենի ֆոնին՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները և այլն: Այս ամենը սոսկ պատահականություն լինել պարզապես չի կարող»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: