Այս իշխանության բարոյականության մեջ ընտրություն կեղծելը չի մտնում. Փաշինյան
Այս իշխանությունն ընտրություններ կեղծելու բարոյական ռեսուրս չունի, որովհետև այս իշխանության բարոյականության մեջ ընտրություն կեղծելը չի մտնում, և այս իշխանությունը ընտրություն կեղծելու կարիք չունի մի պարզ պատճառով. եթե կառչած լինեինք իշխանությունից, արտահերթը չէինք նախաձեռնի՝ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը:
«Ի՞նչ, դուք հեղափոխություն էիք անելո՞ւ: Անեիք: 7 ամիս ոչ մեկը ձեր առաջ արգելք չի դրել: Անեիք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք ընտրություն կեղծելու կարիք չունեն:
«Մեր իշխանության իմաստն այն է, որ ժողովուրդը պետք է լինի իշխանության, ոչ թե մենք: Մենք ընտրություններին մասնակցում ենք ժողովրդին հաղթելու շանս տալու համար: Ժողովուրդն ում ուզում է՝ ընտրի, թող ընտրի, ում ընտրեց՝ մեզ համար օրենք է»,- նշեց նա՝ հավելելով, որ ով էլ ընտրվի, ընտրությունների արդյունքները չեն կեղծվի: