Ադրբեջանի ու Չինաստանի միջև առկա է փոխշահավետ տնտեսական գործակցություն. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Չինաստանի արտգործնախարար Վան Իին: Ալիևը նշել է, որ Ադրբեջանի ու Չինաստանի միջև առկա է փոխշահավետ տնտեսական գործակցություն, իսկ ռազմավարական համապարփակ գործընկերությունը զարգանում է:
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի, կապակցվածության ոլորտներում, միջազգային և տարածաշրջանային հարցերում:
Վան Ին նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային օրակարգի հարցերը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը չինացի գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։
Չինաստանի արտգործնախարարը Բաքվում է՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովին: Այնտեղ են նաև մի շարք երկրների ղեկավարներ, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները և այլ պաշտոնյաներ:



