Այս համագործակցությունը նպաստում է մեր անվտանգությանը. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյան
Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը պետք է դիտարկել հայ-ֆրանսիական բազմաոլորտ, բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։
«Հայ-ֆրանսիական հարաբերությունները ունեն պատմական մեծ հետագիծ՝ հիմնված ընդհանուր արժեքների, պատմական ամուր կապերի վրա։ Այսօր Հայաստանը և Ֆրանսիան, որպես պետություններ, ունեն կայուն առանձնաշնորհյալ հատուկ հարաբերություններ, որոնք նաև ներգրավված են արդեն ռազմավարական նշանակության ոլորտներում, ինչպիսին է պաշտպանությունը, տնտեսությունը, ենթակառուցվածքները և հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում գրեթե ամեն օր։
Մեկ շաբաթ առաջ Հայաստանում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը և բավականաչափ հետաքրքիր և արդյունավետ այց տեղի ունեցավ, ստորագրվեցին մի քանի փաստաթուղթեր և անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցությանը։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում միջկառավարական, միջխորհրդարանական, հասարակական, մշակութային և այլն կարևորագույն դեր է խաղում նաև ապակենտրոնացված համագործակցությունը, որը սկսվել է մեր Հանրապետության անկախացումից, ծնունդից ի վեր։ Օրեցօր այս համագործակցությունը զարգանում է։ Ապակենտրոնացված համագործակցությունը, չնայած Հայաստանը և Ֆրանսիան ունիտար պետություններ են այսպես կառուցվածքի տեսակետից, բայց այն հնարավոր է դառնում նաև միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման հետ զուգընթաց, երբ որ միջպետական այսպես տրադիցիոն հարաբերությունների կողքին ձևավորվում են նաև համայնքների միջև հարաբերությունները, ի լրացումն միջկառավարական հարաբերությունների։
Սա մի նոր ոլորտ է, որտեղ հնարավոր է դառնում նպաստել երկրների տարածքների կայուն զարգացմանը, բերել միջազգային համերաշխություն և նպաստել համագիտական զարգացումներին»,–ասաց նա։
ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի համար ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ ունի ռազմավարական բնույթ և բերեց հինգ փաստարկ, թե ինչու է այդպես. «Առաջին հերթին այս համագործակցությունը նպաստում է մեր անվտանգությանը։ Տեսեք, Հայաստանի մարզերից Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, որոնք ներգրավված են համագործակցության մեջ, սահմանամերձ են և բավականաչափ խոցելիություն ունեն։ Այսօր մենք Սյունիքի մարզում ենք և այս միջոցառման կազմակերպումը հենց այստեղ խորհրդանշական է, ֆրանսիական կողմի աջակցությունը Սյունիքի դիմակայունությանը և Հայաստանի ընդհանրապես անվտանգության խնդիրներին։
Երկրորդը քաղաքական առումով, 44-օրյա պատերազմից հետո, 2023 թվականին Արցախից, Լեռնային Ղարաբաղից բնակչության Հայաստան տեղահանված ընթացքում Ֆրանսիայի գրեթե համայնքները՝ և մարզային, և այլ կառույցներ, ընդունեցին բանաձևեր, սատարեցին հումանիտար աջակցությամբ և նաև քաղաքական լուրջ աջակցություն ցուցաբերեցին այս ամբողջ ընթացքում, երբ որ Հայաստանը ապրում էր այդ դժվարին տարիները։
Տնտեսական առումով ապակենտրոնացված համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն են նաև համայնքների տնտեսական կարողությունների ամրապնդումը։ Եվ կան բազմաթիվ ծրագրեր։ Մյուսը Սփյուռքի ներգրավումն է նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Արդեն նշվեց, որ հայկական սփյուռքը Ֆրանսիայում բավականին կարևոր դեր է կատարում ինտեգրված ֆրանսիական հասարակության մեջ և նաև կան ՏԻՄ–երի մեջ ներգրավված հայ գործիչներ, որոնցից ոմանք այստեղ են և մասնակցում են միջոցառմանը, և այս ապակենտրոնացված համագործակցությունը կառուցվածքային մեխանիզմներում ապահովում նաև սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի ՏԻՄ–երի զարգացման գործում։
Եվ վերջապես, վերջում կուզենայի նշել նաև, որ այս համագործակցությունը նաև աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, տեղական ժողովրդավարությանը, գիտեք որ այսօր մեր ինքնության կարևորագույն մասն է կազմում նաև ժողովրդավարական երկիր լինելը, իսկ ժողովրդավարությունը սկսվում է նաև տեղերից, և այս համագործակցության շնորհիվ է նաև որ մենք բերում ենք ֆրանսիական փորձը օգնելու մեր համայնքներին լուծելու իրենց խնդիրները և զարգացնելու տեղական ժողովրդավարություն»,– ընդգծեց Արման Խաչատրյանը։