«Այս գործընկերը երազում է մեծանալ եւ դառնալ Աշոտյան՝ փոքրիկ Աշոտյանի երազանքը եւս երազանք է»․ Պապոյանը՝ Մամիջանյանին (տեսանյութ)
ԱԺ նիստում շարունակվում է պատգամավորների ելույթները, որոնք չեն անցնում առանց փոխադարձ վիրավորանքների։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին անվանեց «փոքրիկ Արմեն Աշոտյան»։
Իր խոսքում նա, մասնավորապես, նշեց․
«Ձեզ համոզել են, որ դուք գալու եք այստեղ եւ այնպիսի ելույթներ եք ունենալու, գոռալու եք ու ձեզ բոլորը լսելու են։ Հիմա հասկանալու եք, որ իրականությունը սա է, բարի գալուստ իրականություն։
Ուզում եմ անդրադառնալ մեր նոր եւ երիտասարդ գործընկերներից մեկին «ՊՈւ» խմբակցությունից։ Երեխաները երազում են մեծանալ բժիշկ, օդաչու եւ այլ։ Այս տղան երազել է եւ երազում է դառնալ Արմեն Աշոտյան։ Փոքրիկ Աշոտյանի երազանքը եւս երազանք է, որը իրավունք ունի լինել, ինչպես մնացած մանուկների երազանքները», - ասաց Պապոյանը՝ ի նկատի ունենալով Հայկ Մամիջանյանին։
Ի պատասխան՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը ժամանակին Տնտեսագիտական համալսարանում հերթ էր կանգնել, որ սեղմեր Արմեն Աշոտյանի ձեռքը․
«Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում ՀՀԿ-ի զինանշանը, կան համացանցում։ Բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ, որը հինգ հազար զոհի պատճառ է դարձել, ուզում եք դառնալ մա՞րդ, ով խախտել է մեր սահմանների անվտանգությունը, ուզում եք դառնալ մա՞րդ, ով մուրում է խաղաղություն. եթե դա եք ուզում դառնալ, որևէ խնդիր չկա»։



