Այսպիսի իրավիճակների լուծումը չի կարող ընթանալ առանց ինչ-որ կոպտությունների և խնդիրների․ Գալուզինը՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին
«Նախևառաջ, նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»,- ասել է նա։
Գալուզինի խոսքով` երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով` տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրի միջև սահմանազատում և հարաբերությունների հարթում` հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց` դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին:
«Կարգավորման հիմնական տարրերը, այն է՝ հրադադարը և հայ-ադրբեջանական կարգավորման շարժման առանցքային ուղղությունների ձևակերպումը, այս բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»։
Ըստ փոխնախարարի, ՌԴ–ն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել, դրանցից յուրաքանչյուրի համար լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար․«Հասկանալի է, որ այնպիսի հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, եթե իրատեսորեն նայենք իրերին, չի կարող ընթանալ առանց ինչ-որ կոպտությունների և խնդիրների «գետնի վրա»»։



