Այնպես անենք, որ Հայաստան եկած 7 տարեկան երեխան ծնողներին չհարցնի՝ Հայաստանում իրենց դրոշը չե՞ն սիրում. Գեղամ Նազարյան
Մենք պետք է կարեւորենք դրոշի օգտագործումը մինչեւ պետական հիմնարկներ, կուսակցության գրասենյակներին հասնելը, դպրոցներում ուսումնական հաստատություններում՝ երեխաներին սովորեցնելով, թե ինչպես են հարգում դրոշը: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ելույթ ունենալով «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
«Կարծում եմ, որ օրենքի պահանջն այնքան հստակ պետք է լինի, որ դպրոցի տնօրենները, բուհերի ղեկավարներն աչք չփակեն դրոշի արարողակարգի նկատմամբ, որովհետև մենք ունենք մի սերունդ, որը ծնվել է անկախ Հայաստանում և գիտի դրա արժեքը»,-ասաց նա:
«Ես այն սերունդն եմ, երբ իմ աչքի առաջ կառավարության շենքի վրա 1990 թվականի օգոստոսի 23-ին առաջին անգամ բարձրացվեց մեր եռագույն դրոշը և այդ զգացողությունները նկարագրելը դժվար է: Բայց այդ զգացողությունը նոր սերունդը չի հասկանա եւ լավ է, որ չի հասկանա, որը աչքերը բացում է եւ կառավարության շենքի գլխին տեսնում է մեր դրոշը: Մեզանից էլ հասնում է այնպես անել, որ այդ դրոշն անսասան մնա, ինչպես կառավարության, այնպես էլ մյուս հիմնարկների գլխին»,- ասաց պատգամավորը:
Գեղամ Նազարյանն առաջարկեց, որ հատուկ կարգավորում լինի, որպեսզի հայկական դրոշի երրորդ՝ նարնջագույնը ճիշտ կիրառվի. «Անցնում ես որոշ գյուղերով, տեսնում ես դրոշի նարնջագույնի փոխարեն դեղին գույն կամ հաղորդավարը ներկայացնում է կարմիր, կապույտ, ծիրանագույն: Սա մանր հարց չէ:
Մենք պետք է մեր դրոշն այնքան սիրենք և վերաբերմունքն էլ այնպիսին չլինի, որ, օրինակ, այլ երկրից հայրենիք եկած 7 տարեկան երեխան փողոցներին նայելով ծնողներին չհարցնի՝ Հայաստանում իրենց դրոշը չե՞ն սիրում: Եկեք այդ ամենը փոխենք»,- հայտարարեց պատգամավորը: