երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Այն մարդիկ, որոնք երկրում կոռուպցիոն համակարգ են ստեղծել՝ նրանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը. Քերոբյան

Այն մարդիկ, որոնք երկրում կոռուպցիոն համակարգ են ստեղծել՝ նրանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը. Քերոբյան

Մեր երկրում կա գնաճ, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի գնաճի ցուցանիշը 7,7 տոկոս է, որն ավելի քիչ է, քան նոյեմբերի ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա ընդգծեց, որ թե կառավարությունը, թե Կենտրոնական բանկը շատ մտահոգ են գնաճը զսպելու հարցում, քանի որ դա անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի վրա: «Իսկ մեր աշխատանքի հիմնական նպատակն այն է, որ մարդիկ ապրեն ավելի բարեկեցիկ: Օրինակ, Կենտրոնական բանկը դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացեց 0,5 տոկոսով, այս քայլը ևս ցույց է տալիս, որ  ԿԲ-ն գործողություններ է անում: Մենք էլ մեր գործողություններն ենք անում, որ մարդիկ հնարավորություն ունենան ավելի բարձր եկամուտներ ունենալ, ավելի լավ աշխատատեղեր ունենալ, այդ առումով բազմաթիվ ծրագրեր կան: Օրինակ, կառավարության նիստերում ընդունված բոլոր նախագծերը հենց մարդկանց համար են, դրանք ենթադրում են, որ այս կամ այն խմբի մարդիկ պետք է ավելի լավ ապրեն»:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե ասֆալտ փռելով տնտեսություն չեն զարգացնում՝ նշեց, որ ասֆալտը գործողություններից մեկն է միայն:

«Մեր գործողությունները բազմազան են, վերաբերում են թե կրթությանը, թե գիտությանը, թե առողջապահությանը, այսինքն, կյանքի բոլոր ոլորտներին: Օրինակ, մենք 85 տոկոսով բարձրացրել ենք գիտության ֆինանսավորումը, բայց այդ թիվը դեռ հեռու է բավարար լինելուց: Այն մարդիկ, որ մեզ հիմա քննադատում են, ավելի լավ է ասեն, թե ինչու են հայ բոլոր գիտնականները երկրից հեռացել, ինչու են երկրում գրեթե բոլորն հիվանդ, ինչու է մեր կրթական համակարգը գտնվում բարձիթողի վիճակում, նման բազմաթիվ հարցեր կան: Երբ խոսում ենք խաղաղության մասին, պետք է հաշվի առնենք նաև, որ խաղաղությունը փոխկապակցված է  կոռուպցիայի հետ, որովհետև այն մարդիկ, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել՝ նրանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը: Դա իրենց իշխանության հենարանն է եղել: Դրա արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչ հյուծված ենթակառուցվածքներ ու մարդկային կապիտալ ունենք, որի վրա պետք է հիմա անգամներով ավելի շատ ներդրումներ անենք, որ կարողանանք մրցունակ դաշտ վերադառնալ»:

  • Կիսվել: