ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այդպիսի ծավալի թմրամիջոցի հայտնաբերումից պարզ երևում է, որ ՀՀ-ի շուկայի համար չէ նախատեսված. Արմեն Խաչատրյան

Այդպիսի ծավալի թմրամիջոցի հայտնաբերումից պարզ երևում է, որ ՀՀ-ի շուկայի համար չէ նախատեսված. Արմեն Խաչատրյան

«Ենթադրում եմ, որ այդ թմրանյութը, որն առգրավվել է ՀՀ-ում, պետք է հանվեր երրորդ երկիր, ենթադրում եմ, որ ՀՀ-ն տրանզիտ ճանապարհ է հանդիսացել, բայց քննությունն ամբողջապես կպարզի՝ ուր պետք է գնար, ոնց պետք է լիներ և այլն»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ներմուծված 1 տոննա կոկաինին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ վերջին ժամանակներում պետական կառավարման բոլոր օղակներում, որոնք ինչ-որ չափով պատասխանատու են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու համար, շատ ակտիվ պայքար է գնում այդ երևույթի դեմ. «Մենք նույնիսկ ԱԺ-ում գրեթե ամեն օր քննարկումներ ենք անում այս հարցի վերաբերյալ մեր հանձնաժողովում, քննարկումները հիմնականում փակ են, բայց ամեն օր լինում են: Բաց քննարկում էլ ենք արել, բոլոր գերատեսչություններին էլ ենք կանչել, խնդիր ենք դրել, որ պետք է անպայման  գործուն միջոցներ ձեռնարկվի և այսօր այս 1 տոննա կոկաինի հետ կապված մենք մեր աջակցությունն ենք հայտնել բոլոր ուժային կառույցներին՝ հատկապես ԱԱԾ-ին, որին հաջողվել  է բացահայտել այդ մեծաքանակ ապօրինի շրջանառությունը: Պետք է ասեմ, որ վերջին կարճ ժամանակի ընթացքում բավականին ակտիվացել է պայքարը, պայքարը լինելու է անզիջում բոլոր մակարդակներում, ինչպիսի օրենսդրական ակտեր, որ պետք լինեն ուժայիններին պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար, լինելու են, ինչպիսի տեխնիկական միջոցներ պետք լինեն, որ պետք է ձեռք բերվեն, անպայման ձեռք կբերվեն: Կոնկրետ մեր Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի համար սա դարձել է ամենօրյա հարց: Սպասում ենք ևս հայտնաբերումների և վստահ եմ, որ մեր ուժայիններն անպայման այս կարճ ժամանակահատվածում ևս լուրջ արդյունքներ կունենանք»:

Կրկին անդրադառնալով հայտնաբերված կոկաինին՝ Խաչատրյանն ասաց. «Այդպիսի ծավալի թմրամիջոցի հայտնաբերումից պարզ երևում է, որ ՀՀ-ի շուկայի համար չէ նախատեսված, դա նախատեսված է մեծ երկրների համար, բայց եթե արդեն ներմուծվում է, բնական է, որ հավանականություն կա այդ ներմուծվածից ինչ-որ մի չափաբաժին հնարավոր է նաև ՀՀ-ում սպառվի: Տելեգրամ կանալների ուսումնասիրությամբ, տեսանելի է, որ կա կոկաինի վաճառքի առաջարկություն՝ 1 գրամը 180 հազար դրամի չափով, իհարկե մեր կիբեռստորաբաժանումները բավականին լուրջ ուսումնասիրություններ են անում, բայց մենք տեսնում ենք, որ այո, կոկաին կա Հայաստանում, դա ներմուծվում է, և այս դեպքում էլ հնարավոր է մի չափաբաժին էլ թողնեն ՀՀ-ում»:

 

  • Կիսվել: