Այդ փաստաթուղթը ական է Հայաստանի տակ եւ Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները եւ Հայաստանի դեմ նոր հարձակում սկսել. Արթուր Խաչատրյան
Հայաստանի ՍԴ-ն հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համարեց Սահմանադրությանը համապատասխանող. Այլ բան չէր էլ սպասվում, 2019-ին Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դատարանների շենքերի շրջափակումները արդյունքներ են տվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, այդ փաստաթուղթը ական է Հայաստանի տակ եւ Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները եւ Հայաստանի դեմ նոր հարձակում սկսել:
«Ի՞նչ հիմնարար սկզբունքներով է իրականացվելու սահմանազատումը: Կասեք՝ Ալմաթիի հռչակագրով: Կասե՞ք այդ հռչակագրում որ սահմաններն են հիշատակված: Հռչակագրում սահմանները նկարագրված չեն, որեւէ քարտեզի վրա հղում արված չէ: Այսինքն ո՞րն է սահմանազատման ելակետը: Իշխանություններն ասում են 70-ականների քարտեզը: Բա եթե այդ քարտեզն է, գրեիք այդ փաստաթղթի մեջ չեք գրել, որովհետեւ Ադրբեջանը դեմ է խոսել դրան:
Այդ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել: Հասկանում եք, չէ՞, որ օպտիմալացման արդյունքում սահմանը կարող է փոփոխվել եւ սահմանով ներպարփակված տարածքը կարող է փոփոխվել: Ո՞վ պետք է հաստատի այդ նոր տարածքը: ՍԴ-ին դա չի հետաքրքրում:
Մեկ այլ ական. Ըստ կանոնակարգի, եթե հետագայում կլինեն նոր կարգավորումներ, ապա հնարավոր է, որ սահմանազատման հիմնարար սկզբունքը կփոփոխվի: Այդ սկզբունքըդեռ չտեսած, ՍԴ-ն այն արդեն համարում է Սահմանադրությանը չհակասող:
Սովետի թվին մի անեկդոտ կար, ասում էին՝ «Դոկտոր Ժիվագոն» չենք կարդացել, բայց Պաստետռնակին դատապարտում ենք: Այստեղ հակառակն է՝ նոր սկզբունքը չենք տեսել, այն չկա, բայց Սահմանադրությանը չի հակասում: Սենց բան միայն Նիկոլի թվին կարող է լինել»,- հայտարարեց նա: