Ավետիս Առաքելյանը պատգամավորի մանդատ է ստանում, Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։
Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային՝ Ավետիս Առաքելյանին։
Ինչպես արդեն հայտնի է, Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, և պատգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։
Armlur.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին։
Ի դեպ, Սարիկ Մինասյանը նույնպես պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը և ժամանակավորապես աշխատել Ազգային ժողովում, մինչև իշխանությունները վերջնական որոշում կայացնեն արտահերթ ընտրությունների վերաբերյալ։»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


