չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. Փաշինյան

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. Փաշինյան

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, և միֆ է, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Փաշինյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրվել է եռակողմ հայտարարություն, դրանից հետո եղել են Ֆրանսիայի, և ԱՄՆ նախագահների միջնորդությունները: ՛՛Դա կարևոր է արձանագրել՝ նշելու, որ Հայաստանը արել է քայլեր՝ կանգնեցնելու պատերազմը՛՛,- ասաց նա:

Վարչապետը նաև հավելեց, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն է և այսօր էլ կրում է այդ պատասխանատվությունը: Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այդ պատասխանատվությունը նոյեմբերի 9-ով չի ավարտվում, այն շարունակվում է մինչև օրս: Եթե գտնեինք, որ պետք է հրաժարական տայինք, կտայինք, և դա կլիներ շատ հեշտ լուծում և անպատասխանատու լուծում: Մենք կկրենք քաղաքական պատասխանատվությունը, նաև բարոյական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև, և դրանից որևէ մեկը չի խուսափի՛՛:

Փաշինյանի խոսքով՝  պատասխանատվության մաս է նաև ժողովրդին պատկանող իշխանությունը պահպանելը, որ այն որևէ մեկը չխլի, ինչպես երկար տարիներ խլված է եղել:

՛՛Հետին թվով շատ հայտարարություններ են արվում, օրինակ ես արձանագրում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու և հաձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին չի բարձրաձայնել, հիմա հետին թվով հեշտ է դա արձանագրել:

Ես չեմ ասել ես՝ մեղավոր չեմ, ես ասել եմ, որ թիվ մեկ պատասխանատուն եմ և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը, բայց այդ պատասխանատվությունը ամսի 9-ով չի ավարտվում, շարունակվում է 10-ին, 11-ին, և մինչ այսօր:

Արդյոք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք, եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե թե հեշտ լուծում, գուցե թե լիներ անպատասխանատու լուծում: Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը, և մենք կկրենք մեր քաղաքական, բարոյական պատասխանատվությունն էլ, մնացածն էլ և կկրենք մեր ժողովրդի առաջ և ոչ մեկ չի խուսափի՛՛,-նշեց Փաշինյանը:

Նաիրա Զոհրաբյանը  հետաքրքրվեց՝  պատասխանից կարելի՞ է արձանագրել, որ ԳՇ պետը ստում էր՝ ասելով, որ չորրորդ օրն արդեն զեկուցել է, որ պատերազմը պետք է կանգնեցվի, որովհետև մենք կունենանք ավել շատ զոհեր և բանակցային գործընթացում վատ պայման:

՛՛Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանի նախագահը ստում էր, երբ ասում էր՝ առաջարկել է հոկտեմբերի 18-ին  շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը և Շուշին կմնար մեր վերահսկողության ներքո, և կարո՞ղ ենք արձանագրել, որ չեք կրում  բարոյական պատասխանատվություն և դա ենթադրում է, որ Դուք հրաժարական չեք տալու՛՛,-ասաց նա: 

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: ՛՛Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ: Եթե դուք համարում եք՝ Արցախը Հայաստան չէ, ապա ձևակերպեք ձեր այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: