կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետևանքով. Վիզլեր

Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետևանքով. Վիզլեր

Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամն է, որ մեր խորհրդարանը եկել է Երևան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը: Մեկ տարի առաջ այստեղ էի՝ որպես մեր պատվիրակության անդամ: Որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի նոր նախագահ՝ ես պետք է վերադառնայի հատկապես այն ամենի պատճառով, ինչ տեղի ունեցավ դրանից հետո տարածաշրջանում: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսից հետո հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:

«Մեծ, ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնցեցին ԼՂ տարածաշրջանը: Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց այն անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետևանքով, որ 2023-ին սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրեց: Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավորներ՝ մենք չենք կարող այս տառապանքին անտարբեր մնալ: Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանություն է առաջացրել, այլև սպառնում է Հայաստանի հին ու անտիկ մշակութային արժեքներին: Եկեղեցիները, անտիկ կոթողները, գերեզմանաքարերը վերացման ու քայքայման սպառնալիքի տակ են, և մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության և պատմության ջնջմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, պատմական ճշմարտության հիշողությունը և ճանաչումը կարևորագույն գործոններ են ապագան կառուցելու համար:

2015 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մեր Պատգամավորների պալատը պաշտոնապես ընդունել է այն վայրագությունները, որոնք արվել են Օսմանյան կայսրության կողմից: Այս ճանաչումը մեր աչքում կարևոր քայլ էր արդարության համար:

2020 թվականի հոկտեմբերին՝ ԼՂ-ի երկրորդ պատերազմի ժամանակ, Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց միջնորդություն, որը խստորեն դատապարտում էր 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունները, և արտահայտեց մեծ մտահոգություն ռազմական գործողությունների վերասկսման համար: Խորհրդարանականները միաձայնորեն դատապարտեցին արտաքին միջամտությունը, հատկապես՝ Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին: Մեր այս կոշտ դիրքորոշումը ցույց է տալիս, որ մենք աջակցում ենք խաղաղությանը, կայունությանը բոլոր ազդակիր համայնքներում:

Նույն տարվա դեկտեմբերին Պատգամավորների պալատը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ կրիտիկական կարևորություն ունի համափարփակ քաղաքական գործընթացներ նախաձեռնելը, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը: Մենք հասկանում ենք անհրաժեշտությունը՝ ապահովելու շարունակական մատչելիություն մարդասիրական կազմակերպություններին, որպեսզի նրանք հասցնեն արագ և պատշաճ օգնություն ազդակիր բնակչությանը:

Թույլ տվեք հավաստիացնել, որ աջակցությունը հայաստանցիներին մնում է անհողդողդ և վճռական: Այս ոգով էր, որ անցյալ տարի Լյուքսեմբուրգի խորհրդարանը երրորդ միջնորդությունն ընդունեց Հայաստանի իրավիճակի հետ կապված: Մեր միաձայն որոշումը և քվեարկությունը վկայությունն էր այն մասին, որ մենք ունենք իրար հետ կիսվող արժեքներ և վճռականություն՝ կանգնելու ձեր կողքին խաղաղության հասնելու ճանապարհին:

Մենք ցանկանում ենք շեշտել մեր անհողդողդ նվիրվածությունն Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին, որով Հայստանը և Ադրբեջանը փոխադարձորեն կճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասաց նա:

Վիզլերը նաև հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը և Հայաստանն ունեն ընդհանուր արժեքների, հիմնարար արժեքների և հետաքրքրությունների շրջանակ:

  • Կիսվել: