Երբ հայտնի իրադարձությունների ժամանակ դիմեցինք, ստացանք շատ անսպասելի արձագանք. Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին
Հայ-ադրբեջանական սահմանին 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ և դրանց նախորդող ժամանակահատվածում հայկական կողմն իր մտահոգություններն է հայտնել ՀԱՊԿ-ի գործընկերներին, սակայն կազմակերպությունից ստացել է շատ անսպասելի արձագանք։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում՝ մեկտեղ պարզաբանելով, թե ինչու է նույն թվականին Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։
«Այո, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, որոնց համատեքստում մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին. առաջացել էր այն իրադրությունը, որն առաջացնում էր կոնկրետ պարտավորություն ՀԱՊԿ-ի համար՝ ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ի գործընկերների հետ կիսվել էր իր մտահոգություններով, որ կարող է լինել հարձակում ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա, քանի որ այդ կազմակերպությունից Հայաստանը ստացել էր հավաստիացում, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար։
«Երբ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ պաշտոնապես և ոչ պաշտոնապես դիմեցինք ՀԱՊԿ-ին, այնտեղից ստացանք շատ անսպասելի արձագանք, որի էությունն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը պարզ չէ։ Մեզ մոտ օբյեկտիվ հարց առաջացավ. բա կարմիր գիծը, որի վերաբերյալ մեզ տրվել էին հավաստիացումներ, որտեղո՞վ է անցնում։ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր խնդիրն առաջացել է հենց այդտեղից»,- պարզաբանեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը փորձել է հստակեցնել, թե ո՞ր սահմանով է անցնում կարմիր գիծը, որպեսզի հարաբերվի ՀԱՊԿ-ի հետ: Նշված կազմակերպությունը, Փաշինյանի տեղեկացմամբ, մինչ օրս չի տվել հստակ պատասխան։
«Առաջին տպավորությունն այն էր, որ մեր դաշնակիցները չեն ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը, բայց այդ պահին առաջացավ նաև այն հարցը, իսկ մենք ճանաչո՞ւմ ենք արդյոք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։ Որտե՞ղ և ինչո՞վ է դա արտահայտված։ Հենց այստեղ եկավ գիտակցումը, որ մենք չենք կարող ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ առանց ճանաչելու մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ։ Հետևաբար, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես, որպես ՀՀ վարչապետ, Ճանաչել եմ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և, անկեղծ ասած, գտնում եմ, որ միայն իրավիճակի սխալ գնահատման պատճառով ավելի շուտ դա չեմ արել»,- ասաց վարչապետը։


