հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ավագանու օրակարգում կհայտնվեն գաղտնի եւ չզեկուցվող հարցեր

Ավագանու օրակարգում կհայտնվեն գաղտնի եւ չզեկուցվող հարցեր

Երեւանի ավագանու օրակարգում կհայտնվեն գաղտնի եւ չզեկուցվող հարցեր։ Համապատասխան որոշումն ընդունվել է ավագանու նոյեմբերի 22-ի նիստում։

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հավաստիացրել է, որ խնդիրն այն չէ, որ ինչ-որ բան թաքցվի հասարակությունից, այլ քաղաքային մարմնի աշխատանքի արդյունավետության կազմակերպումը։ «Ավագանու անդամը կարող է հանդես գալ գրիֆի փոփոխության առաջարկով եւ հարցը դարձնել զեւկուցվող, կամ ներկայացնել ընդունվող որոշման մանրամասները ավագանու նիստի ժամանակ»,- պարզաբանել է նա։

Պաշտոնյան բերել է կառավարության օրինակը՝ հիշեցնելով, որ այնտեղ էլ կան նման հարցեր։ Դրան ի պատասխան՝ ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը կոչ է արել տեղական ներկայացուցչական մարմինը համեմատել ոչ թե գործադիր իշխանության, այլ օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի հետ, որտեղ նման գործելակերպ չկա։

Միքայել Մանրիկյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր գլխավորած խմբակցությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր մյուս՝ «Լույս» խմբակցությունն այս հարցը չեն քննարկել։

Երեւանի մյուս փոխքաղաքապետը՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կոչ է արել ավագանին չհամեմատել նաեւ խորհրդարանի հետ։ Նա նշել է, որ գաղտնի եւ չզեկուցվող են լինելու այն հարցերը, որոնք սովորաբար ընդունվում են առանց քննարկման, միաձայն։ 

  • Կիսվել: