երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարել քննարկելու ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառումը։ 

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ Հարթենյանին ավագանու  կազմից չեն հեռացնի․ «Պետք է անցնենք քննարկումների փուլով, միասին որոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ՝ Արման Անտոնյանը նախընտրեց սուբյեկտիվ կարծիք չհայտնել։ «Թույլ տվեք այս պահին իմ սուբյեկտիվ կարծիքը չասեմ, մենք այսօր կորոշենք եւ հայտարարությունը կտարածենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հենրիկ Հարթենյանի արարքը արժանացել էր հասարակական լայն պարսավանքի։

Բարձրացված աղմուկից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ 

ՔՊ  կուսակցության վերահսկող հանձնաժողովը ևս արձանագրել էր, որ ավագանու անդամի արարքը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»,- ասվում էր հայտարարության մեջ։

Տեղի ունեցածին արձագանքել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա դատապարտելի և բացարձակ մերժելի էր համարել արաքը՝  «հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջելով հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ»։

  • Կիսվել: