կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. Սանոսյան

Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել. Սանոսյան

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա ունի, կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ հարցին։

Սանոսյանը շեշտեց, որ որքան էլ ատոմակայանն իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու հստակ են: Կան չափորոշիչներ, կա կայան, կան կոմիտեներ, տարբեր խմբեր ու մասնագետներ, որոնք պետք է փաստեն՝ կայանը համապատասխանում է չափորոշիչներին, թե ոչ:

«Պետք է վստահեցնեմ, որ դեռ 1993 թվականից սկսած մեր ատոմակայանում իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա»,-ասաց Սանոսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ: Նախանշված են, թե ինչ հավելյալ աշխատանքներ են պետք, որպեսզի ատոմակայանի աշխատանքը երկարաձգվի 2026 թվականից մինչև 2036 թվական:

Ըստ նրա՝ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվել։ «Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Բազմաթիվ դետալներ, սարքավորումներ, համակարգեր փոխվել են: Ամենայն հարգանքով ատոմակայանի աշխատակիցների նկատմամբ՝ ես ասում եմ, որ մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ փորձառու մասնագետներ են աշխատում:

Սանոսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ-ում հյուրընկալել են ՄԱԳԱՏԷ-ի գործընկերներին՝ ղեկավարի գլխավորությամբ, իրենք նաև Մեծամորի ատոմակայան շրջայց էին կատարել: Նախարարը նաև ընթերցեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի գրությունը ատոմակայան շրջայցից հետո, որով նա մասնավորապես նշել էր՝ ուրախ է տեսնել անվտանգության և հուսալիության գծով բարելավումները, որոնք կատարվել են կայանում:

«Կարծում եմ ՄԱԳԱՏԷ-ն համապատասխան արձագանքը կներկայացնի»,-ասաց Սանոսյանը:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի խորհրդարանի նիստում կրկին անդրադարձել էին հայ-թուրքական սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ին՝ շեշտելով որ այն լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին գրում է թուրքական Անադոլու գործակալությունը։

Մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովն ընդդեմ Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի դիմում է ներկայացրել երկրի պատկան մարմիններին՝ պնդելով, թե իբր վերջինս ռիսկային է։ Վերոնշյալ դիմումի հիման վրա Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել ատոմակայանի աշխատանքներին։

  • Կիսվել: