ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանը միջադեպ է եղել, ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը

Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանը միջադեպ է եղել, ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը

«Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել՝ թվով 2-րդը, օրենսդրական բարեփոխումների նախագիծ պետք է մշակեն։ Նախօրեի քննարկմանը իշխանականների և ԲՀԿ-ական Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջև միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։

 

Ներկա են եղել նաև ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Դեռ դեկտեմբերի 9-ին աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով հայտեր ներկայացնել նաև ՀԿ-ներին ու փորձագետներին, պայմանով, որ առնվազն 5 տարվա գործունեության փորձ և 2015 թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։

ԲՀԿ-ականները տեղեկացրել են, որ իրենց են դիմել տասնյակ ՀԿ-ներ՝ դժգոհելով, որ հայտերի ընդունման հայտարարությունը պատշաճ  չի տարածվել, ժամկետը կարճ է եղել, չեն հասցրել դիմել, ուստի խնդրում են իրենց ևս ներգրավել, նաև՝ հանել ՀԿ-ների առաջ դրված պայմանները։

 

Սակայն իմքայլականները մերժել են այս առաջարկը և հաստատել իրենց դիմած ՀԿ-ների ցուցակը՝ 15 ՀԿ և 4 փորձագետ։ «Մենք, ծանոթանալով այդ ցուցակում ընդգրկված ՀԿ-ների կազմին, որոշեցինք բոյկոտել»,- ասաց Շաքե Իսայանը՝ չմանրամասնելով, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել․ «Փակ քննարկում է՝ կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»։

ԲՀԿ-ն որոշել է հարցը քննարկել խմբակցությունում, որպեսզի հասկանան հետագա քայլերը։ Նրանք առաջարկել են նաև քննարկումը բացել լրատվամիջոցների համար, պատասխանել են՝ դեռ այդ փուլը չէ։ Ի դեպ, ԼՀԿ-ն նիստին չի մասնակցել՝ զբաղվածության պատճառաբանությամբ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: