հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ասում են Արցախ՝ պատկերացնում են զորամասը էժանով ծախել  և թանկով գրավ դնել, ասում են Արցախ պատկերացնում են 5 միլիարդի չարաշահում․Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Ասում են Արցախ՝ պատկերացնում են զորամասը էժանով ծախել և թանկով գրավ դնել, ասում են Արցախ պատկերացնում են 5 միլիարդի չարաշահում․Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Մոտավորապես 5 միլիարդ 181 միլիոն դրամ՝ խոսքը պետությանը պատճառված  վնասի մասին է։ Ու սա այն պարագայում, երբ օրինակ այս գումարը լրիվ բավական էր  մի քանի բազմաբնակարան շենք սարքելու համար, որտեղ կբնակվեին մի շարք  սպաներ, որոնք որ տարիներ ու  տասնամյակներ իրենց հասանելի բնակարանները ՊՆ-ից չեն ստացել։ Այս մասին այսօր ԱԺ-ում նման դիտակում արեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի 3-րդ միջնորդագրի քննարկման ընթացքում։ Իր ելույթում Վարդապետյանը նշել էր, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչ 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։  

«Ի դեպ, շատ կարևոր հարց, ու՞ր են մեր ընդդիմադիր գործընկերները, ու՞ր է Սեյրան Օհանյանը․ կանոնակարգով նա  պետք է այստեղ ելույթ ունենար և հարցերի պատասխաներ։ Ու՞ր է, էդ ինչի՞ց է խուսափում, էդ ո՞ր հարցերից է կոնկրետ խուսափում»,- նշեց Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ ԱԺ ամբիոնից  Գլխավոր դատախազը ներկայացնում է քրեական գործը, որտեղ կան ակնհայտ փաստեր, բայց փաստերին ԱԺ ամբիոնից պատասխանելու փոխարեն, ընդդիմադիր գործիչները փնտրում են այլ տարբերակ․ «Փոխանակ ամբիոնից փորձեն պատասխանել, նախընտրում են դրանց պատասխանել ինչ-որ հարցազրույցների միջոցով, ֆլորա և ֆաունայի պատկանող տարատեսակ գործիչներ իրենց իրավունք են վերապահաում ասելու, որ այս քրեական գործերն  արժեզրկում են Արցախյան հերոսամարտը։ Ես կասեմ հետևյալը՝ ցանկացած մեկը, ով իրեն թույլ կտա ասել, որ  պետական միջոցների վատնումը, պետությունից կատարված գողության  վերաբերյալ գործերը քննելն արժեզրկում է Արցախյան հերոսամարտը,  ուրեմն կարող ենք դիտարկել, որ այս արտահայտությունն ինքնախոստովանանք է այն մասին, որ այդ մարդը և իր քաղաքական ուժը Արցախյան հերոսամարտն ու առհասարակ  Արցախի հարցը  որպես այսպիսին դիտարկել են մենակ լափի միջոց։ Իրենց արժեհամակարգը հենց այդպիսին է»,-  ասաց պատգամավորը։ 

«Իրենք ասում են Արցախ՝ պատկերացնում են փող, ասում են Արցախ՝ պատկերացնում են զորամասը էժանով ծախել  և թանկով գրավ դնել, ասում են Արցախ պատկերացնում են 5 միլիարդի չարաշահում։  Ու այս պարագայում հարց է ծագում՝ որպես էդպիսին ո՞վ է արժեզրկում  Արցախը, ո՞վ է արժեզրկում Արցախի հարցը, Արցախյան հերոսամարտը , ով՞, ով եթե ոչ  500-600 հազար դրամ  աշխատավարձ ունեցող, բայց 20 միլիոն դոլարանոց գույքեր ունեցողները, ո՞վ եթե ոչ անտուն սպաներ ունենալու պարագայում 5 միլիարդ դրամի վատնում կատարողը։ Ու ցինիկաբար կանգնում, ասում են՝ իշխանությունները ընկել են Արցախյան հերոսամարտի ներկայացուցիչների հետևից,որպեսզի արժեզրկեն մեր հաղթանակը»,-ընդգծեց նա։ 

«Մի հատ լավ հիշեք, իսկ հերոսամարտի  ուրիշ մասնակիցներ չկայի՞ն, քի՞չ կային պատերազմին մասնակցած, հետագայում սպայական ծառայությունը շարունակած մարդիկ, ովքեր ևս բնակարանային խնդիրներ ունեին, սոցիալական ծայրահեղ ծանր խնդիրներ ունեին, թե՞ ով Վահագնի թաղամասում կամ Մոնումենտում  դղյակ չունի, ինքը հեչ, իր ավանդը հեչ։ Իրենց պատկերացմամբ, եթե մարդը մասնակցել է պատերազմին, բայց հետո չի լափել, ինքը հերոսամարտի ներկայացուցիչ չի , ինքը խորհրդանիշ չի, որովհետև իրենց պատկերացրած հերոսամարտը միայն իրենց ստամոքսափողի հերոսամարտն է, այ դրա համար իրենք պատրաստ են ամենավերջին մարտը տալ, դրա համար ոչ մեկի որդին, բարեկամները  դասալքություն չեն անի, դրա համար դիրք առ դիրք չեն գնա, ասեն՝ մեր էս ունեցածն արդեն տված է, թողեք, փախեք․ էդ էլ հո՞ Արցախը չի, որ տենց անեն»,- ասաց Ալեքսանյանը։ 

  • Կիսվել: