երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ասում են՝ անկլավների թեմա կա, մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը կա. բոլոր հարցերը քննարկվելու են. Փաշինյան

Ասում են՝ անկլավների թեմա կա, մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը կա. բոլոր հարցերը քննարկվելու են. Փաշինյան

Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում Ադրբեջանին վերադարձնի 8 գյուղ:

«Ասում են՝ անկլավների թեմա կա, մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը կա, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է եւ այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է:

Կան թեմաներ, որոնք օգտագործվում են այդ թվում հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, որոշակի ցնցումներ առաջացնելու համար: Բանակցությունները նրա համար են, որ տեսնենք՝ ինչ հարց կա, այդ հարցերը քննարկենք: Այսօր Հայաստանի տարածքներ կան օկուպացված 1990-ականներից: Օրինակ, Տավուշի Պառավաքար գյուղի տարածքների մեծ մասը օկուպացված է, նույնը Բերքաբեր, Վազաշեն գյուղից: Այդ հարցերը դելիմիացիայի գործընթացում քննարկվելու են, ինչո՞ւ պետք է չքննարկվեն: Բոլոր հարցերն էլ քննարկվելու են, եւ պետք է տեսնենք, թե դրանք ոնց ենք լուծում: Կան էլի հարցեր, որոնք մենք էլ ենք առաջ քաշում, իրենք էլ են առաջ քաշում»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում Հայաստանից գաղթած քաղաքացիների մարդահամար են անում. «Հայաստանի տարածքում ադրբեջանցիների նկատմամբ բռնություն ընդհանրապես չի գործադրվել, իսկ մենք Սումգայիթ ենք ունեցել, Բաքվի ջարդեր ենք ունեցել: Ադրբեջանցիները որոշել են իրենց տունը վաճառել, Հայաստանից գնալ, մենք Ադրբեջանից բռնագաղթած քանի՞ մարդ գիտենք, որ հնարավորություն է ունեցել իր տունը վաճառել: Այդ մարդկանց գույքային հարցերը կան: Պետք չի վախենալ, այո, կան հարցեր օրակարգում:

Ասում են՝ անկլավի հարց կա, շատ լավ, մենք էքսկլավի հարց ունենք, Արծվաշենի հարցը: Օկուպացված գյուղերի հարց կա, օրինակ Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն, Բերքաբեր եւ այլն: Դրանք պետք է քննարկվեն: Մինչեւ այդ հարցերը չլուծենք, կայունություն չի լինելու: Հնարավո՞ր է, որ չհաջողենք, իհարկե, հնարավոր է, որովհետեւ այստեղ միայն տարածաշրջանի երկրների շահերը չեն»,-ընդգծեց Փաշինյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահներին փոխարինի բազմազգ խաղաղապահական զորակազմ, վարչապետն արձագանքեց. «Եկեք առաջ չանցնենք, պետք է 4,5 տարվա արդյունքները գնահատվի, թե ինչ է տեղի ունեցել: Մեր խնդիրը ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելն է: Մեզ համար նպատակն է կարեւոր, եւ այդ նպատակի համար պետք է գործադրվի ամենաարդյունավետ միջոցը»:

  • Կիսվել: