ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը չպատասխանեց, թե ինչու տարիներով չի վճարել անտառային հողի վարձը

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը չպատասխանեց, թե ինչու տարիներով չի վճարել անտառային հողի վարձը

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն Ազգային ժողովում խուսափեց պատասխանել հարցեցին, թե ինչու տարիներ շարունակ չի վճարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից վարձած անտառային հողի վճարը։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հերթական քառօրյա նիստի ժամանակ, երբ քննարկվում էր կենսաթոշակներին վերաբերվող մի օրենսդրական նախագիծը, դիմեց դահլիճում ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին։ Պատգամավորը փաստեր ներկայացրեց «Հետք»-ի՝ անտառային հողի վարձակալների մասին պատմող նյութից։

«2009 թվականին դուք նախարարության վարչության պետի պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում ի շարս այլ պաշտոնյաների, օրինակ՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանի, շեյխ Մուհամմեդ Մուսալլամի և այլոց, վարձակալության եք վերցրել 2.5 հազար քմ հողատարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ից»,- նշեց պատգամավորն ու շարունակեց, որ վարձակալելու դիմաց տարեկան 60 հազար դրամ վարձավճարը փոխնախարարը չի կատարել մինչև 2019թ.։

Այնուհետև Արման Բաբաջանյանը հարցրեց․ «Տույժ-տուգանքով այդ գումարը դարձել է 529 հազար դրամ։ ՊՈԱԿ-ը դիմել է դատարան, քանի որ այդ վճարը չեք կատարել։ Կուզեմ իմանալ՝ էդ ի՞նչ պատմություն է և ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում»։ 

Փոխնախարար Սմբատ Սաիյանը ինչպես մեզ չէր պատասխանել, թե ինչու պետության պարտքերը չի վճարել, չպատասխանեց նաև ԱԺ պատգամավորին։ Մոտենալով ամբիոնին՝ Սմբատ Սաիյանն ընդամենն ասաց հետևյալը․

«Պարո՛ն Բաբաջանյան, Դուք ճիշտ եք, նման դեպք եղել է, սակայն ձեր տեղեկատվությունը պետության հանդեպ պարտք-պահանջ ունենալու մասին, այսպես ասենք, ժամանակավրեպ է։ Իսկ ինչի է պարտքը գոյացել, թու՛յլ տվեք հարցին չպատասխանել»։

  • Կիսվել: