Աշխարհը միայն պայքարողին է օգնում, ով նստում ու բախտին է սպասում, արդյունքի չի հասնում. Մամիջանյան
Փառք այն հերոսներին, որոնք կերտել են այս օրը, որոնք տարիների, տասնամյակների ընթացքում պաշտպանել են այս օրը և հերոսաբար անմահացել են այսօրվա գաղափարի պաշտպանության ընթացքում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ասելիք շատ քիչ կա, պայքարելիք կա, և այդ պայքարը ոչ մեկ ոչ արգելել, ոչ փակել, ոչ կանգնեցնել չի կարող։ Դա մեր ազգի ԴՆԹ–ի մեջ նստած է, և ես դրանով հպարտանում եմ ու վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը նույնպես։ Կապ չունի, թե մի խումբ մարգինալներ ինչպես են մտածում։
Ազգային գաղափարախոսությունը, ազգային իղձը, ազգային պայքարը, ազգային երազանքը վստահ եմ, որ բոլորիս սրտում է և մտքում։ Իրենք ինչ ուզում է անեն, ինչ ուզում է խոսեն, ինչ խմբի փակման համար ուզում է դիմեն, միևնույն է, դա հայերին չի կոտրի։
Մեզ պետք է աշխատանք և պայքար, և նույնիսկ այս պահին, երբ թվում է, որ ամեն ինչ անհնար է, գործողությունները արդյունք չեն տալիս, բայց վստահաբար կաթիլը քար է ծակում։ Ես կարծում եմ, բոլորս պիտի ապրենք այդ հավատքով»,–ասաց նա։
Անդրադառնալով այսօր նախատեսված հանրահաքվին, Մամիջանյանն ասաց. «Ես ինքս մասնակցելու եմ, բայց նաև կասկած անգամ չունեմ, որ չէր կարող այնպես լինել, որ սեպտեմբերի 2–ին հայ ժողովուրդը հավաքական չհիշեցներ աշխարհին և փաստորեն նաև այսօրվա կառավարիչներին, թե ինչ է հավատում, ինչ է մտածում ու ինչ երազանքներով է ապրում մեր ազգը, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը։
Ես չեմ ասի, որ այս հանրահավաքի արդյունքում հենց վաղը ինչ-որ բան կփոխվի, բայց մի կարևոր միտք էլ կա, միայն պայքարողին են օգնում։ Ով նստած սպասում է իր բախտին կամ համակերպվում է, ընդունում է ցանկացած պարտադրված որոշում, լավ ապագա ունենալ չի կարող»։
Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե մի տեսակ անտարբերություն կա հասարակության կողմից. «Չեմ կարծում այդպես. ես համարում եմ, որ դա ընդամենը մի խումբ մարգինալների տարածած քարոզչական թեզերն են, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը մտածում է այնպես ինչպես այսօր այստեղ եկած օրվա ընթացքում եկող մարդիկ, երեկոյան հանրահավաքի եկող մարդիկ։ Ես գիտեմ, որ մեծամասնությունը այդպես է մտածում, ինչ ուզում է փորձեն տարածել մի խումբ մարգինալներ, որոնք այսօր կառավարիչներ են»։


