երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աշխարհագրության վրեժը՝ ծովից ծով Հայաստան, մեր ժառանգությունը. Փոստանջյան

Աշխարհագրության վրեժը՝ ծովից ծով Հայաստան, մեր ժառանգությունը. Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում Սևրի պայմանագրի ստորագրման օրվա առթիվ ՛՛Աշխարհագրության վրեժը. Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը՛՛ վերտառությամբ գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Շուրջ 100 տարի առաջ «Եվրոպայի հիվանդ մարդու» դիակիզումը տեղի չունեցավ: Այդ դիակի հրկիզման համար վառելու կրակը ժամանակավոր մարեց` ձեռք բերված աշխարհաքաղաքական պայմանավորվածություններն այն հետաձգեցին: Սակայն այդ աշխարհաշրջանը ցնցող իրադարձություններն այժմ կրկին արթնացել են` հրաբուխը ժայթքում է, այն ցնցում է մեր տարածաշրջանը:

Ներկայիս ստատուս-քվոյի համար մեծ մարտահրավեր է գալիս «Եվրոպայի հիվանդ մարդուց»` նա պատերազմ է հրահրում:

«Եվրոպայի հիվանդ մարդը» չի համակերպվում ներկայիս սահմանների հետ` ցանկանում է դրանց բռնի, միակողմանի քանդումը: Նրա կողմից հրահրված ցնցումները, ապակայունացումը և հակամարտությունների բորբոքումը մեզ ականատեսն են դարձնում նոր սերնդի բախումների, որոնց էության հիմքում հին, մշտատենչ թրքական նպատակն է: Դրանք զարգանում են հասարակություններում հարաբերությունների փոխակերպման, մոլորակի վրա գլոբալ գործընթացների և քաղաքական բևեռների մրցակցության հանրանկարի համապատկերում:

Այն, ինչ այժմ տեղի է ունենում, հանգեցնելու է նոր սահմանագծումների և նոր կարգի, տարածաշրջանում միջպետական հարաբերությունների նոր համակարգի ստեղծման:
Այժմեական Թուրքիան` «Եվրոպայի հին հիվանդը», հավակնում է դառնալ նոր աշխարհա-ռազմավարական ուժ` Միջերկրական ծովի կենտրոնական և արևելյան մասում աճող էներգետիկ հակումներով: Ըստ որոշ գնահատականների, նրա ընդարձակ ռևանշիստական քաղաքականությունը վտանգում է Միջերկրական ծովի տարածաշրջանի բոլոր պետությունները:

Եթե Թուրքիան մտնում է միջերկրածովյան ածխաջրածինների խաղի մեջ, ապա ձեռք է բերում լրացուցիչ ուժ, որի միջոցով կցանկանա իր կամքը թելադրել Միջերկրական ծովի տարածաշրջանի բոլոր երկրներին…

Հայերիս ներկա ազգային պետությունն իր 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և Զինված ուժերով պետք է բաց չթողնի տարածաշրջանում լուրջ կարգավիճակ ստանձնելու իր մեկնարկային հնարավորությունը:

Հայկական ազգային պետականության առաջնահերթ խնդիրն է`
- օգնել «Եվրոպայի հին հիվանդի» դիակիզմանը, իսկ նրա ժառանգներին զրկել կառավարական զինված կազմավորումներ ունենալուց,
- իրականացնել «աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը,
- կերտել առանց հակամարտությունների խաղաղ և ինտեգրացված տարածաշրջան,
- դառնալ տարածաշրջանի հիմնական առաջատարը և հայկական Զինված ուժերով լինել խաղաղության երաշխավորը:
Այսօր աշխարհը և մեր տարածաշրջանը կանգնած են նոր Սևրի պայմանագրի կնքման առջև: Արդյոք Ռուսաստանը և Արևմուտքը կրկի՞ն կփորձեն վերակենդանացնել «Եվրոպայի հին հիվանդին», թե՞ մեզ հետ միասին կիրականացնեն դիակիզումը: Այս հարցի պատասխանը կախված է մեզանից, մեր միասնությունից և մեր քաղաքական հմտությունից:
100 տարի անց մենք և աշխարհը կանգնած ենք նոր Սևրի պայմանագրի անհրաժեշտության առջև:

Նոր Սևրին ընդառաջ` իմաստություն և զորություն հայկական քաղաքական մտքին:

Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
10 օգոստոսի 2020թ․՛՛:

  • Կիսվել: