ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի

Արթուր Վանեցյանը չի կալանավորվի

Արթուր Վանեցյանը չի կալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Արթուր Վանեցյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռևս չի ստացել, բայց առավել քան համոզված է, որ Վերաքննիչ դատարանը ևս հիմնավոր կասկածի առկայությունը հերքված է համարել ։

Նա հայտնեց, որ բողոքի շրջանակներում որևէ նոր փաստական տվյալ չի ներկայացվել, իսկ հիմնավոր կասկածի բացակայությունն ակնհայտ էր ի սկզբանե, ակնհայտ է և հիմա։

«Առհասարակ առաջին ատյանի դատարան էլ միջնորդությունը ներկայացվել է ներկայացված լինելու համար, հիմա փորձում են։ Կարծում եմ՝ քաղաքական իշխանություններն ամեն կերպ փորձում են քաղաքական ճնշումներ բանացնել քաղաքական հակառակորդների նկատմամբ, փառք Աստծո, դեռ չի ստացվում»,- նշեց Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի հողերի մեծ մասը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ Երեւանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ իշխանություններն անցել են զանգվածային քաղաքական հետապնդումների՝ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաեւ՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։ Մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաեւ իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։

Դատարանը ոչ միայն իրավաչափ չէր համարել Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի ձերբակալությունն ու նրանց արգելանքից ազատելու որոշում կայացրել, այլեւ փաստել, որ կալանավորելու համար հիմքեր չկան՝ բացակայում է հիմնավոր կասկածը։

Դատարանը մերժել է նաեւ Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատախազությունը նշված որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել բոլոր 4 մեղադրյալներին։
Ա.Վանեցյանի կալանավորումը մերժելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազը բողոքը մակագրվել է դատավոր Մխիթարյանին, որի նախագահությամբ էլ երեկ տեղի է ունեցել նիստը։

  • Կիսվել: