Պարոն Դավթյան, դուք իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ և չեք աշխատելու. Իվետա Տոնոյան
«Եթե նախկինում՝ հին Հայաստանում գուցե նման դրսևորումները կարող էին դիտվել օրինաչափ, ապա նոր Հայաստանում, գոնե մինչև վերջերս, կար հույսի նվազագույն նշույլ, որ նմանատիպ դեպքերը հնարավոր չեն. ստացվում է նոր Հայաստան՝ հին բարքեր»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումը չունի որևէ իրավական հիմք։ Նա նշեց, որ իրենք դա ապացուցելու են, դրանում մեկ րոպե անգամ կասկած ունենալ պետք չէ։
Պատգամավորը դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նշեց, որ նա այսօր նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն է և նա պարզապես իրավունք չունի աշխատել որպես գլխավոր դատախազ։
«Եւ դուք չեք աշխատելու, գալու է դրա ժամանակը և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Ինչ վերաբերում է ձեր ներկայացրած միջնորդությանը, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ եք դուք ուզում, ինչ եք դուք անում։ Հասկանո՞ւմ եք, որ հիմա երբ երկիր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, երբ ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր է, որ տնտեսական խնդիրների պատճառով մեր ազգաբնակչությունը հայտնվի սովի ճիրաններում, դուք ձեր փառասիրությունը, քաղաքական ամբիցիաները բավարարելու և հագուրդ տալու համար սանձազերծում եք քաղաքական հետապնդում։ Որևէ մեկը կույր չէ, բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Ըստ նրա, քաղաքական ղեկավարի առողջ քննադատությունից հետո իրավապահ համակարգը իշխանությունների ամենաուղղակի հրահանգով հարձակվել է Գագիկ Ծառուկյանի վրա։
«Ուզում եք մեզ լռեցնե՞լ՝ չի ստացվելու, ուզում եք մեզ ասֆալտին փռել ու պատերին ծեփե՞լ՝ չի ստացվելու, որովհետև իշխանությունների ամենաուղղակի հրահանգով ոստիկաններն օրեր առաջ պատգամավորների և հարյուրավոր հայրենակիցների նկատմամբ արդեն իրականացրել են դա։ Ձեզնից որևէ մեկը ծպտուն չի հանել, որովհետև ծպտուն հանելու հրահանգ էլ չի ստացել, որովհետեւ շատ տաքուկ տեղավորվել է իշխանության կերակրատաշտակի մերձակայքում և օգտվում է ընձեռված բարիքներից»,- նշեց պատգամավորը։
Տվետա Տոնոյանի խոսքով, Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելով՝ տասնյակ հազարավոր մարդկիկ գործազուրկ են լինելու.
«Ձեզանից որևէ մեկը մտածե՞լ է, որ Ծառուկյանին ազատությունից զրկելով հնարավորություն է ընդձեռում զրկել հանապազօրյա աշխատանքից տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք աշխատում են Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում։ Քաղաքացիները ձեզ պետք էին միայն այն ժամանակ, երբ դուք հեղափոխություն էիք իրականացնում։ Իսկ հիմա դուք թքած ունեք, թե մարդիկ ոնց կապրեն»,- նշեց նա։
Իվետա Տոնոյանը նաև հարցրեց գլխավոր դատախազին՝ ի՞նչ է նա անելու հաջորդիվ, իրենց բոլորին զրկելո՞ւ է անձեռնմխելիությունից, բանտե՞ր է գցելու։
«Կարող եք փորձել ամեն ինչ, դրանից ոչինչ չի փոխվելու։ Մենք մշտապես բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք։ Այս ամբողջ ընթացքում որևէ ադեկվատ գնահատական չլսեցի այն մասին, թե մեր հնչեցրած որևէ քննադատություն այս կամ այն մասով չէր համապատասխանում իրականությանը։ Բայց այս ընթացքում մի բան էի լսում՝ ամբողջ իշխանությունը և իր ղեկավարը մտածում էր բացառապես մի բանի մասին՝ տոտալ տապալումների, ձախողումների և այս խայտառակ վիճակի մեղքը ազգաբնակչության վրա գցելու։ Ձեզ համար մեղավոր են բոլորը, բայց ոչ երբեք դուք։ Սա ընդամենը հանրության ուշադրությունը տիրող խայտառակ իրավիճակից շեղելու անհաջող փորձ է։ Ես ուզում եմ ասել, որ գոնե գործ սարքելուց մարդ պետք է գոնե մի քիչ շնորհքով դա անի։ Անգամ այս գործում եք ապաշնորհ ու անտաղանդ գտնվել»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաև ապօրինի ծխախոտի մաքսանենգության, ադամանդի արտահանման, երկաթի թափոնների արտահանման լուրերին.
«Արթուր Դավթյան, եթե դուք շարունակեք պաշտոնավարել այն բանից հետո, երբ մենք ձեզ անվստահություն կհայտնենք, ե՞րբ եք պատրաստվում գալ խորհրդարան՝ ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների արտահանման գործով քրեական գործերով հարուցված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Ենթադրում եմ՝ հարցս չի ունենա պատասխան, քանի որ դրա համար հրահանգ չեք ստացել»։


