Արտաքին քաղաքականության մեջ ինչքան բեռ կա դրել ենք զինվորի ուսերին. անվտանգության մի երաշխիք կա՝ խաղաղությունն է. վարչապետ
«Ես ինքս եմ ասել, որ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը կոմպլիմենտար չի, ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականութունը բալանսավորված քաղաքականություն է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն տարածաշրջանային գործերը դիտարկում է ընդհանուր համատեքստում, բայց ինչ-որ առումով նաև առանձին համատեքստում. «Երբ 3+3 ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, և մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց, բայց ես կարող եմ հիմա արդեն վստահաբար ասել, որ դա շատ ճիշտ որոշում էր՝ մասնակցել 3+3 հարթակում քննարկումներին և դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում: Իրանի հետ մեր հարաբերություններից եզրակացությունը և ընթացիկ զարգացումները բնորոշելու համար ես ուզում եմ ընդգծել մի այսպիսի առանձնահատկություն, այդ հարաբերությունները բնականոն են, նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ հարաբերությունների մասին: Մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն: Մենք ասում ենք՝ մեր անվտանգային խնդիրն ինչպե՞ս ենք լուծելու ու պտտվում ասում ենք՝ դե մեր զինվորը, մեր զինվորը, մենք չենք նկատել, որ մեր անկախության մի մեծ մասում արտաքին քաղաքականության մեջ ինչքան բեռ կա, դրել ենք զինվորի ուսերին, ինչքան կառավարության բեռ կա, դրել ենք զինվորի ուսերին, այդպես չի լինում: Կոմլիմենտարիզմն է եղել անվտանգության մեր երաշխիքը, անվտանգության մի երաշխիք կա, դա խաղաղությունն է, որ քո հարևանների հետ բնականոն, նորմալ հարաբերություն ունենաս, ուրիշ անվտանգության երաշխիք չկա: Շատ խոսվում է նաև արտաքին երաշխավորության մասին, գոնե այսքանից հետո մենք դրանք պետք է չհավատանք: Մեր անվտանգությունը մենք պետք է երաշխավորենք, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլ մեր քաղաքականությամբ, մեր տնտեսությամբ: Մենք ճիշտ ռելսերի վրա դրված արտաքին քաղաքականություն ենք վարում, մենք չենք մերժում որևէ ուղղությամբ որևէ հարաբերություն, բայց նաև որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»:
Վարչապետն ընդգծեց նաև, որ դիվանագիտության մեջ կա և՛ հումանիզմ, և՛ մարդասիրություն. «Ամեն պետություն առաջինն այդ հումանիզմն ու մարդասիրությունն իր պարտականությունից ելնելով իր քաղաքացու նկատմամբ է իրականացնում, ոչ մեկն իր քաղաքացու նկատմամբ հումանիզմը չի ստորադասի հազարավոր կիլոմետրերով այն կողմ ապրող քաղաքցու մարդասիրության նկատմամբ, ինքը սկզբից իր քաղաքացու անվտանգությունը պետք է ապահովի»: