Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը:
Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ ապացույցը բարեկամական խմբերի գործունեությունն է:
ԱԺ փոխխոսնակն արժեւորել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը` համոզմունք հայտնելով, որ Ավստրիան համաձայնություն կտա այդ գործընթացին: Կարեւորվել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում: Դեսպանն իր հերթին խոստացել է խնդրանքը փոխանցել իրավասու մարմիններին:



