Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։ Հրամանը ուժի մեջ է մտել։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ (COVID-19) ՀԻՎԱՆԴԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՎԱԾ (ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ), ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով (այսուհետ COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:
- Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի (այսուհետ ԱԱՊ) կողմից` 14-օրյա ժամանակահատվածում:
ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության և սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից։
- Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները։ Ինքնամեկուսացված անձը ընտանիքի անդամներից բացի այլ անձանց հետ չի շփվում։
- Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն:
- Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ:
- Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները և այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից։ Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով (օճառ, լվացող հեղուկներ) և ջրով։
- Օբսերվացիայի ենթակա անձի իրերի և անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը՝ լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում և արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց։ Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն։
- Օբսերվացիայի ենթակա անձի և տան մյուս անդամների միջև հնարավորինս ապահովվում է ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը՝ խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։
- Օբսերվացիայի ենթակա անձը պահպանում է հազալու և փռշտալու հիգիենիկ վարվելակարգը՝ հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ և անմիջապես լվանալ ձեռքերը։
Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքվում է աղբի համար նախատեսված տոպրակներում: Վերջիններիս լցվելու դեպքում դրանք կապվում են, տեղադրվում մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապվում, որից հետո աղբը հեռացվում է սենյակից` որպես կենցաղային աղբ:
- Ձեռքերը հաճախակի լվացվում են օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, և մանրակրկիտ չորացվում։ Չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին չեն դիպչում։
- Ամբողջ տարածքի ախտահանումն իրականացնելու համար օգտագործվում է 70-90% սպիրտ կամ քլոր պարունակող ախտահանիչ միջոց: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը` ախտահանման համար կիրառվում են միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված:
- Օրական առնվազն 2 անգամ իրականացվում է խոնավ մաքրում՝ օգտագործելով սովորական մաքրող միջոցներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով սանհանգույցին, լոգարանին, խոհանոցին: Մաքրում կատարելիս պահպանվում է հյուրասենյակ – խոհանոց – լոգարան-սանհանգույց հաջորդականությունը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված անձեռոցիկները, լաթերն օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են լվացող միջոցներով և չորացվում են: Հնարավորության դեպքում օգտագործվում են միանգամյա օգտագործման անձեռոցիկներ, լաթեր:
- Օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները՝ դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք և այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
- Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով և ջրով, այնուհետև ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով:
- Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում, ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում և ախտահանում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան:
- Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշանների առաջացում, կապ է հաստատվում համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի հետ: Անհետաձգելի դեպքերում դիմում են շտապ բժշկական օգնության ծառայություն՝ տեղեկացնելով ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին։
- Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում:
- Օբսերվացիայի ենթակա անձանց արտահիվանդանոցային վարակաբանական հսկողությունն ինքնամեկուսացման դեպքում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից, մեկուսացման դեպքում՝ ըստ մեկուսացման վայրի կցված բժշկի կողմից` համագործակցելով տվյալ անձի առողջության առաջնային պահպանման բժշկի հետ:
- Օբսերվացիայի առաջին օրը օբսերվացիայի ենթակա անձին տրամադրվում է հեռահար խորհրդատվություն՝ հեռախոսազանգի միջոցով, ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանների պահպանման, անձնական հիգիենայի, անհատական պաշտպանության միջոցների, կոնտակտավորի ինքնազգացողության և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացվում է համաճարակաբանական վերհուշի հստակեցում:
- Բժշկի կողմից հեռախոսազանգով խորհրդատվությունն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ և էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական
«ԱՐՄԵԴ» համակարգում լրացվում է սույն հրամանով սահմանված ինքնամեկուսացված/մեկուսացված անձի ամենօրյա հսկողության հարցաթերթիկ (Ձև 1):
- Այն դեպքերում, երբ ինքնամեկուսացած կամ մեկուսացված անձը նշում է COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն, անաշխատունակություն, գլխացավ, մկանային ցավ կամ թուլություն և առավել ևս դժվարաշնչություն և/կամ արագացած շնչառություն, բժիշկն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 1312–Լ և 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամաններով:
- Ինքնամեկուսացման և մեկուսացման ավարտից հետո տրամադրվում է անաշխատունակության թերթիկ՝ համաձայն էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի: