երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արսեն Թորոսյանն ԱԺ-ում ներկայացրեց հակածխախոտային աղմկահարույց օրինագիծը

Արսեն Թորոսյանն ԱԺ-ում ներկայացրեց հակածխախոտային աղմկահարույց օրինագիծը

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է հանրային բոլոր փակ ու կիսափակ տարածքներում ծխախոտի օգտագործումն ամբողջապես արգելել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինչիների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է՝ եթե չասեմ, որ ամենալուրջերից մեկը: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը, պայմանավորված է հենց դրանց օգտագործմամբ: Օրենքի նախագծով ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք փակ հանրային վայրերում, սահմանվում է փակ տարածքներ հասկացությունը՝ օրենքի իմաստով և թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց նմանակների, ծխախոտային փոխարինիչերի օգտագործմանը ներկայացվող արգելքներն ու սահմանափակումները»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` օրինագիծը նպատակ ունի ապահովել ՀՀ-ում ծխախոտի սպառման նվազեցումը, բնակչության առողջության պահպանումը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից:

Օրինագծով ամրագրվում են ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, դրանց նմանակների, փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքի գովազդի հովանավորության և առաջխաղացման արգելքները: Առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում կառավարության իրավունքներն ու պարտականություններն ու այլ կարգավորումներ:

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում հիմա էլ գործում է Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքը, որն ընդունվել է 2004-ին: Գործող օրենքում կան սահմանափակումներ, իսկ այս օրինագծով նախարարությունն առաջարկում է սահմանափակումների ընդլայնում:

Նախագծի մշակման հիմքում դրվել է ծխելու դեմ պայքարի հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և շատ այլ երկրների փորձը։

 

  • Կիսվել: