ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը թագադրության առթիվ շնորհավորել է Չարլզ 3-րդին

Արմեն Սարգսյանը թագադրության առթիվ շնորհավորել է Չարլզ 3-րդին

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ 3-րդին՝ թագադրության առթիվ:

 

«Ձերդ Մեծություն,

Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմ բարեմաղթանքն ու շնորհավորանքը  Ձեր թագադրության առթիվ:

Ի դեմս Ձեզ՝ Միացյալ Թագավորության արքայական գահն ստանձնել է առաջնորդ, ով ունի հարուստ կենսափորձ, անհրաժեշտ մարդկային որակներ, գիտելիք ու կարողություններ՝ արժանապատվորեն առաջնորդելու Միացյալ Թագավորության և Համագործակցության երկրներին:

Դուք Միացյալ Թագավորության գահակալն եք դառնում այնպիսի բարդագույն ժամանակաշրջանում, որն առավելագույն կամք, խոհեմություն և հմտություններ է պահանջելու Ձեզնից՝ որպես ոչ միայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհակարգում առաջատարի դիրք ունեցող պետության, այլև աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ թագավորական  դինաստիաներից մեկի առաջնորդից:

Երկար տարիներ ճանաչելով Ձեզ և Ձեր ընտանիքը` կասկած չունեմ, որ Ձեր թագավորության տարիները նշանավորվելու են Միացյալ Թագավորության զարգացմամբ և նրա համաշխարհային դերի ամրապնդմամբ: Ակնկալում եմ, որ դրանից շահելու է նաև հայ և բրիտանացի ժողովուրդների բարեկամությունը:

Երախտագիտությամբ եմ վերհիշում շուրջ տասը տարի առաջ Ձեր այցը Հայաստան՝ որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր և աջակից: 2015-ին Վեսթմինսթերյան աբբայությունում Դուք մասնակցեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը, Իսկ 2020 թվականին Ձերդ Մեծությունն այցելեց Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի:  Ձերդ Մեծության հարգանքը հայոց մշակույթի և սովորույթների հանդեպ, հետաքրքրվածությունը դեպի Հայաստանի հարուստ պատմությունը և ավանդույթները, ինչպես նաև երկրի ժառանգության պահպանման նկատմամբ մտահոգությունը հուզիչ էին յուրաքանչյուր հայի համար:

Հայ ազգը խորին երախտագիտություն է տածում Ձերդ Մեծության նկատմամբ։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և բեղմնավոր գործունեություն՝ ի փառս Միացյալ Թագավորության և հիշատակ Նորին Մեծություն թագուհու»:

Գրառմանը կից Արմեն Սարգսյանը հրապարակել է իր և Չարլզ 3-րդի համատեղ լուսանկարը, որն արվել է Գեղարդում, 2013 թվականին։

  • Կիսվել: