Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Խորին երախտագիտությունս եմ հայտնում հայ-սերբական բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար, հարաբերություններ, որոնք մշտապես հարստանում են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերով։
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:


