չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել, որովհետև գտնվում էր, կարծում եմ, շատ նսեմացված վիճակում. նրան փորձեցին ենթարկեցնել. Սարգսյան

Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել, որովհետև գտնվում էր, կարծում եմ, շատ նսեմացված վիճակում. նրան փորձեցին ենթարկեցնել. Սարգսյան

InfoPort.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին, անդրադարձել է նաև ՀՀ չորրորդ նախագահին:

Խոսելով այն մասին, թե ինչու Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ. Սերժ Սարգսյանն ասաց. ՛՛Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ, որովհետև, իմ պատկերացումներով, նա ուներ բոլոր հնարավորությունները լինելու Հայաստանի Հանրապետության նախագահ՝ իր ունակություններով, իր գիտելիքներով, իր կարողություններով` արժևորելու այդ ինստիտուտը, որովհետև նորություն էր այդ ինստիտուտը, և նա կարող էր մեծ օգուտ բերել մեր երկրին:

Ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան եռանկյունին Հայաստանի համար մեծ օգուտներ կբերեր: Բայց, ինչպես ասում են, ոչ ոք իդեալական չէ, և մարդը սովորական պայմաններում, խաղաղ պայմաններում կարող է շատ արդյունավետ գործել, կարող է լինել շատ պատվախնդիր, բարոյական, իսկ իմ խորին համոզմամբ, մարդու էությունը դրսևորվում է էքսցեսների ժամանակ, մարդու էությունը դրսևորվում է կրիտիկական իրավիճակներում, և պատահական չէ, որ այդպիսի իրավիճակներում, օրինակ, պատերազմական իրավիճակներում, շատ երիտասարդ մարդիկ այդ հասակում դառնում են մեծ զորամիավորումների հրամանատարներ, գեներալներ և այլն: Սովորական պայմաններում նրանք չեն կարող դա անել:

Եվ այդ նույն պատերազմի ժամանակ շատ մարդիկ, որոնք առաջին հայացքից շատ խրոխտ են, հուժկու են և այլն, դառնում են թուլամորթներ, դառնում են դիրք լքողներ և այլն: Ցավոք սրտի, այդ դժվար իրավիճակում Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել՝ չկարողացավ դրսևորել, որովհետև գտնվում էր, կարծում եմ, շատ նսեմացված վիճակում: Նրան, բնականաբար, փորձեցին ենթարկեցնել…՛՛:

Մկրտչյանի դիտարկմանը, թե՝ և ստացվեց, Սարգսյանն արձագանքեց. ՛՛Եվ ստացվեց: Շատ-շատ ափսոսում եմ, և շատ ամոթ է՛՛:

Մկրտչյանը հարցրեց, թե  ի՞նչն է ստիպում Արմեն Սարգսյանին՝ ՛՛ուղղակի չթքել պաշտոնի վրա ու հեռանալ՛՛:

Սարգսյանը նշեց, որ ինքը կդժվարանա պատասխանել այդ հարցին, այդ հարցը, ըստ նրա, պետք է ուղղել հենց Արմեն Սարգսյանին:

՛՛Ես ամբողջ կյանքում եղել եմ պետական պաշտոնյա, իսկ վերջին 30 տարիներին մաս եմ կազմել իշխանությունների, երբեք նվաստի դերում հանդես չեմ եկել: Դա, ինձ համար անհասկանալի երևույթ է, թե մարդը ինչի համար պետք է նվաստանա, ինձ համար անհասկանալի մի բան է դա:

Ինչ վերաբերում է լիազորություններին՝ նախ, պետք է ասեմ, որ լիազորությունները բավարար են, որպեսզի արժևորվի այդ ինստիտուտը: Ես դրան չեմ ուզում անդրադառնալ: Բայց, երբ Արմեն Սարգսյանն առաջարկ ստացավ ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ, քաջածանոթ էր Սահմանադրությանը, նա քաջածանոթ էր խորհրդարանական երկրի նախագահի լիազորություններին և բացարձակապես որևէ ակնարկ անգամ ես չեմ լսել այդ մասին: Եղել են հրապարակային հանդիպումներ, բոլորը տեսել են, եղել է ոչ հրապարակային հանդիպում, և ոչ մեկ հատ, և նորից եմ կրկնում` որևէ ակնարկ այդ մասին չի եղել: Առաջարկը ստանալուց հետո նա, իհարկե, շնորհակալություն է հայտնել և ասել է, որ իրեն որոշակի ժամանակ է պետք մտածելու, մարդկանց հետ հանդիպելու, որպեսզի իր վերջնական կարծիքը հայտնի: Եվ նա մտածել է՝ ոչ մեկ օր, հանդիպել է մարդկանց հետ, քաղաքական շրջանակաների, իր կողմից հարգված մարդկանց հետ, այնուհետև եկել է և ասել, որ մեծ շնորհակալությամբ համաձայնվում է, ինքը պատրաստ է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ:

Ես կարծում եմ, որ լիազորությունների մասին պետք չէ խոսել, որովհետև դա վերաբերում է զուտ Սահմանադրությանը, և երբևէ առիթ կլինի, ես իմ կարծիքը կասեմ:

Նա ունի բոլոր, բոլոր լիազորությունները:

Բա եթե ինքը լիազորություններ չունի, ինչու՞ լիազորությունների մի մասը զիջեց խորհրդարանին: Ի՞նչ տարբերություն՝ դու ստորագրում ես կամ քո չստորագրելով թույլ ես տալիս, որ այդ օրենքը, այդ փաստաթուղթը մտնի ուժի մեջ: Այսինքն, դու քո անձն ես ինչ-որ տեղ պաշտպանում, որպեսզի հետո ասես՝ տեսեք, ես սա չստորագրեցի: Բայց հարց է առաջանալու, չէ՞, լավ, եթե համարում ես, որ դա չստորագրելու է, ինչո՞ւ չես ուղարկում Սահմանադրական դատարան՛՛,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Մկրտչյանի դիտարկմանը, թեկարելի է ենթադրել, որ մարդը գնում է այդ նվաստացումներին ոչ միայն իր մարդ տեսակով, այլև կարող է ունենալ շահ՝ Սարգսյանն ասաց, որ չի կարող դա պնդել, չի էլ կարող հերքել. ՛՛Միայն կարող եմ ասել, որ, իրոք, ամոթ է լինել այդպիսի վիճակում՛՛:

Անդրադառնալով հարցին, թե, վերջիվերջո, Արմեն Սարգսյանն ունի՞ բրիտանական քաղաքացիություն, թե՞ ոչ՝ Սարգսյանը նշեց. ՛՛Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև ոչ միայն նրա համար, որ ես իրեն ուղիղ եմ հարցրել, և ինքն ասել է, որ վաղուց հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից, այլ նաև մեր պատկան մարմիններից ես որևէ ահազանգ այդ մասով չեմ ստացել: Դե հիմա, եթե ինչ-որ մարդիկ այլ կերպ են մտածում, բա ինչո՞ւ այդ մասին չեն հայտարարում: Կամ, եթե այդպիսի բան է եղել, ինչո՞ւ այսօրվա իշխանություններն այդ փաստը մեջտեղ չեն բերում ոչ թե գոնե Արմեն Սարգսյանին կշտամբելու, այլ ինձ կշտամբելու համար՛՛:

ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ կապված այն բանի հետ, որ շատերը նշում են, թե սորոսական ֆոնդերը լայնորեն տարածվել են և սկսել են երկիրը ներսից քանդել հենց իր կառավարման տարիներին:

Այս առնչությամբ Սերժ Սարգսյանը նշեց. ՛՛Գիտեք, եթե մարդիկ ցանկություն ունեն մեղադրելու, ապա հազար ու մի պատճառ կարող են գտնել: Այն, որ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն այստեղ վարում էին այնպիսի քաղաքականություն, որի հետ մենք համաձայն չէինք, դա միանշանակ է: Բայց Սորոսի հիմնադրամը մուտք է գործել Հայաստան 1997 թվականին: Շատերն ասում են, որ սորոսականներն են այս հեղափոխությունը կատարել: Ոչ: Նրանք, այո, աջակցել են, բայց այս հեղափոխություն կոչվածը, նորից կրկնեմ, շատ ավելի հզոր ուժեր են աջակցել ներսին, շատ հզոր ուժեր, որոնք տիրապետում են տեխնոլոգիաների, ռեսուրսների և այդ տեխնոլոգիաները հաջողությամբ օգտագոծել են ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Այո, մենք անհամաձայնություններ ունեինք սորոսականների հետ, բայց իմ կարծիքով նրանք այնքան էլ մեծ վտանգ չէին ներկայացնում այն ժամանակ Հայաստանում, որովհետև նրանք որևէ ազդեցություն չունեին իշխանության կողմից կայացվող որոշումների վրա: Իսկ իշխանափոխությունից հետո իրենք, իհարկե, ներթափանցեցին և՛ խորհրդարան, և՛ գործադիր իշխանության տարբեր կառույցներ ու իրենց գաղափարները հիմա իրականացնում են: Ես հասկանում եմ նաև հարցի ենթատեքստը՝ ինչո՞ւ չփակեցիք: Գիտեք, շատ ավելի հեշտ է չթողնել մուտք գործել, քան նրանց արգելել՝ խոսքը միայն Սորոսին չէ վերաբերում, այլ տարբեր կառույցների, տարբեր ֆոնդերի և այլն:

Վերջիվերջո, մենք կլինեինք այն եզակիներից մեկը, որ երկար տարիներ իրենց գործունեությունից հետո արգելեինք: Հենց այդ իշխանափոխության ժամանակ և դրան հետևող շաբաթների ընթացքում տարբեր եվրոպական երկրներ արգելեցին, և դա մեզ համար հիմք կարող էր հանդիսանալ, եթե նրանց վտանգը մեծանար, որպեսզի մենք ևս արգելեինք՛՛:

Կինոռեժիսորը հարցրեց. ՛՛Խոսեցինք նրա մասին, որ 2018 թվականի իշխանափոխությունը կազմակերպելը ինքը չի, Նիկոլի մասին չենք խոսում, նույնիսկ Սորոսը չի, այլ ավելի մեծ և հզոր ուժեր: Պարո՛ն նախագահ, եթե ավելի մեծ ու հզոր ուժ էր, ինչո՞ւ օգնություն չխնդրեցիք հենց Ռուսաստանից` մեր ռազմավարական դաշնակիցն է՛՛:

Նրան ի պատասխան՝ Սարգսյանն ասաց, որ իր մտքով անգամ երբեք չի անցել և չի կարող անցնել ռազմավարական դաշնակցից խնդրել օգնություն՝ իշխանությունը պահելու:

՛՛Դա ինձ համար շատ վիրավորական կլիներ: Ես ռազմավարական դաշնակցից, Ռուսաստանի նախագահից բազմաթիվ բաներ եմ խնդրել` խնդրել եմ մեզ ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, և ցուցաբերվել է՝ լիուլի ցուցաբերվել է, ես խնդրել եմ նոր սպառազինություններ, նոր սպառազինությունների համար վարկեր տրամադրել, տրամադրվել է, ես խնդրել եմ մեզ համար անհրաժեշտ սպառազինություն, որն այլ երկրների չի վաճառվում՝ արվել է, խնդրել եմ բազմաթիվ տարբեր տնտեսական հարցեր լուծել՝ այո, լուծվել են, բայց ես զանգեի, խնդրեի, ասեի՝ խնդրում եմ պահեք իմ իշխանությունը: Ես ո՞վ կլինեի այդ ժամանակ: Կոնկրետ քեզ, Մհե՛ր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա դուր կգա՞ր արդյոք:

Ամոթ չէ, հասկանում եք, ռազմավարական դաշնակցից կամ մի այլ երկրի ղեկավարից ինչ-որ բան խնդրել երկրի՛ համար՛՛,-նշեց նա:

՛՛Պարո՛ն նախագահ, Դուք հարց տվեցիք՝ քեզ դա դուր կգար, թե ոչ. իմ վերաբերմունքը, միգուցե, կփոխվեր, ես այլ կերպ կսկսեի վերաբերվել Ձեզ: Ոչ, դա ինձ դուր չէր գա՛՛,-նկատեց Մկրտչյանը, ինչին ի պատասխան՝ Սարգսյանն արձագանքեց. ՛՛Արժանապատվությունը, որ կապված է երկրի հետ, դա էլ շատ թանկ բան է: Գիտեք, տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում այդ արժանապատվությունը, հասկանո՞ւմ եք: Ես նախկինում մի քանի օրինակներ եմ բերել, որ դա երբեք արժանապատվության հետ կապ չունի, երբ դու ոչ հարգալից ես վերաբերվում քո գործընկերոջ նկատմամբ:

Դա չէ արժանապատվությունը: Արժանապատվությունն այն է, երբ դու կարողանում ես լուծել այն խնդիրները, որ ծառացած են քո երկրի առջև: Եվ իմ արժանապատվությունը երբեք ես նսեմացված չեմ զգացել, եթե ես խնդրել եմ շատ զենք, և ինձ տվել են ոչ այնքան շատ, այո նորմալ է, նման դեպքերում նորմալ է, բայց խնդրես, ասես՝ խնդրում եմ, ինձ օգնեք իշխանությունը պահել՝ դա իմը չէ, դա իրոք, իմը չէ: Կամ խնդրես, ասես՝ օգնեք ես գամ իշխանության, ապա ամեն ինչ կանեմ, ինչ դուք ասեք: Դա էլ իմը չէ՛՛:

  • Կիսվել: