Արմեն Դանիելյանը և Սերգեյ Դանկվերտը քննարկել են տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցերը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ:
Կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդման հեռանկարները ու դրա զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ Գերատեսչությունների ղեկավարները հետաքրքրված են եղել տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն ուղղված համագործակցության հնարավորություններով՝ նկատի ունենալով ժամանակակից պայմաններում պետությունների միջև միասնական տեղեկատվական հարթակների ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Երկուստեք նշվել է, որ դա կնպաստի ապրանքների առաքումների ծավալների ավելացմանը, գործընթացների թափանցիկությանը, ապրանքների հետագծելիության և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև բեռների վերամշակման ժամանակ նյութական ծախսերի կրճատմանը: Դա նաև զգալիորեն կհեշտացնի վերահսկողական աշխատանքը՝ խնայելով ժամանակը և թույլ տալով երկու երկրների իրավասու մարմինների ներկայացուցիչներին առցանց հետևել սահմանի հատման, վկայականները չեղարկելու փաստերին, օպերատիվ արձագանքել խախտումներին։
Արմեն Դանիելյանը և Սերգեյ Դանկվերտը գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից՝ հաստատելով արդյունավետորեն համագործակցելու առաջնահերթությունը։