Արման Թաթոյանի և Գուրգեն Սիմոնյանի ղեկավարած ուժերը բյուջեից տարեկան 30 մլն դրամից ավելի ֆինանսավորում կստանան
ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ընդհանուր առմամբ 105 մլն դրամ ընտրագրավի գումար հետ չի վերադարձվի օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը չհաղթահարած 14 կուսակցություններին և կփոխանցվի ՀՀ պետական բյուջե: Սա այն դեպքում, եթե վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես հաղթահարի անցողիկ շեմը և մտնի խորհրդարան: Այտ մասին հայտնում է News.am-ը։
Փոխարենը՝ անցողիկ շեմը հաղթահարած 6 քաղաքական ուժեր՝ 4 կուսակցություն (ՔՊԿ, ԲՀԿ, ՄիԹԿ, ՀՇՊԿ) և 2 դաշինք («Ուժեղ Հայաստան», «Հայաստան»), 4 տարի շարունակ պետական բյուջեից կստանան ֆինանսավորում:
Նշենք, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունների պետական ֆինանսավորումը (պետական սուբսիդավորումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նպատակ ունենալով խթանելու որոշակի հանրային աջակցություն ունեցող և եկամտի այլ էական աղբյուրներ չունեցող կուսակցությունների կենսունակությունն ու ինքնուրույնությունը: Այդ ծախսերն արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով:
Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ յոթ տոկոսը:
Պետական բյուջեի միջոցները նախատեսված շեմը հաղթահարած յուրաքանչյուր կուսակցությանը բաշխվում են 2-ից մինչև 5 տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց:
Ըստ այդմ՝ ընտրությունների նախանական արդյունքներով 2 տոկոսի շեմը հաղթահարած, սակայն խորհրդարան չանցած Գուրգեն Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը», որը ստացել է 30,807 ձայն, տարեկան կստանա ավելի քան 30,8 մլն, իսկ «Միասնության թևեր» կուսակցությունը, որը ստացել է 33,644 ձայն, տարեկան կստանա 33,6 մլն դրամ հերթական ֆինանսավորում։ Այս գումարները կուսակցություններին կտրամադրվեն կիսամյակային սկզբունքով, բայց ոչ շուտ, քան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նրանց տարեկան հաշվետվությունների ստուգումը, իսկ կառուցվածքով ու գործունեությամբ պայմանավորված պետական նպատակային ֆինանսավորումը կհատկացվի միանվագ սկզբունքով:
Կուսակցությունների պետական ֆինանսավորումն իրականացվում է տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամանակահատվածում և դադարեցվում Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը:



