ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից ԵՄ դրոշը կախեց և ի հակադրություն դրոշի՝ կալոշ թափահարեց

Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից ԵՄ դրոշը կախեց և ի հակադրություն դրոշի՝ կալոշ թափահարեց

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից Եվրամիության դրոշը կախեց։

Իսկ մինչ այդ, նա մի կալոշ հանեց և օդում թափահարելով՝ ասաց. «Սա խորհրդանշում է մեր փողոցներում վերջին օրերին հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, կործանում։ Այս թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք, և այդտեղ երկու կարծիք չի կարող լինել։ Սա պետք է ուղղակի շպրտվի մեր իրականությունից»,-ասաց նա։

Իսկ դրոշը կախելով՝ ասաց. «Որպեսզի պատկերավոր լինի այս քննարկումը, կուզեմ՝ այս ամբիոնից կարողանանք այս դրոշի ներքո անցկացնել այս քննարկումները։ Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ և պատկերվոր կլինի»։

Նա դրոշի վրա դրեց կալոշը․«Էս էլ կալոշը»։

Դահլիճից ծափահարություններ հնչեցին։ 

Խորհրդարանական լսումները վարող ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատողություն արեց նրան։

«Պարո՛ն Բաբաջանյան, ես խնդրեցի չէ՞, Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների և դրա լուծումների արդյունքն է։ Էլի խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է»,- ասաց նա։

Տեղից արձագանքեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, ինչին ի պատասխան Եղոյանն ասաց․ «Պարո՛ն Մկրտչյան, Դուք հիմա եկել ասում եք՝ փողոցում ՌԴ դրոշ կա։ Փողոցում շատ բան կա, սա փողոց չէ, սա ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճ է։ Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որն իմ կարծիքով կարող էր և չլինել։ Ես ակնկալում էի բովանդակային խոսակցություն»,- ասաց Եղոյանը։

  • Կիսվել: