ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արման Բաբաջանյանը Անդրանիկ Քոչարյանի և Գագիկ Մելքոնյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծման իրավիճակը

Արման Բաբաջանյանը Անդրանիկ Քոչարյանի և Գագիկ Մելքոնյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծման իրավիճակը

Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները՝ Կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպել են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծման իրավիճակի և դրա ապաէսկալացման ուղիների, նորընտիր խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային առաջնահերթությունների, զինված ուժերի արդիականացման և այդ թվում ռազմական հետախուզության և հակահետախուզության գործունեության արդյունավետության բարձրացման և ինստիտուցիոնալ զարգացման, ռազմական կրթության մակարդակի և գրավչության բարձրացման հետ։

Այս համատեքստում մեծապես կարևորվեց զինված ուժերում առկա թերությունների հայտնաբերման և հաղթահարման հարցը և որպես այս ուղղությամբ կատարվելիք հիմնարար քայլ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ անձնական և մասնագիտական ամենալայն մասնակցությունն ունենալու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն ըստ անհրաժեշտության կազմակերպել պարբերական կոնսուլտացիաներ՝ ռազմապաշտպանական ոլորտի առաջանցիկ զարգացման օրակարգի կենսագործման հարցում ջանքերն ու հնարավորությունները մեկտեղելու համար։

  • Կիսվել: