ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թովմասյանը Արգենտինայի դեսպանին  ներկայացրել է Արցախում և ՀՀ-ում առկա անվտանգային իրավիճակը

Թովմասյանը Արգենտինայի դեսպանին ներկայացրել է Արցախում և ՀՀ-ում առկա անվտանգային իրավիճակը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մարիանո Վերգարային, Լրատվական և քաղաքական բաժնի համակարգող Մարինե Վարդանյանին։ Այս մասին պատգամավորը հայտնել է գրառմամբ․

«Մարդու իրավունքների վերաբերյալ մեր քննարկման ընթացքում դեսպանը հայտնեց, որ իրենց համար մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է։

Այս համատեքստում գործընկերներիս հրատապ կերպով ներկայացրի Արցախում և Հայաստանում առկա անվտանգային իրավիճակը, որը սերտ առնչություն ունի մարդու իրավունքների հետ, և նշեցի, որ այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:

Գործընկերոջս ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության սպառնալիքները, դատական համակարգում առկա խնդիրները և նշեցի, որ մեր երկրում դատական համակարգի անկախությունը վտանգված է։

Դեսպանը տեղեկացրեց, որ Արգենտինան մարդու իրավունքների՝ ներառյալ կանանց իրավունքների, ժողովրդավարական արժեքների պաշտպանության լայն օրակարգ ունի, ուստի արտահայտեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնել համագործակցությունը՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության»։

  • Կիսվել: