հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արևմուտքը գիշատիչի պես կառչել է Հայաստանից. Զախարովա

Արևմուտքը գիշատիչի պես կառչել է Հայաստանից. Զախարովա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելն ու Երևանին արևմտյան սպառազինությունների մատակարարումը Ռուսաստանը դիտարկում է որպես փոխկապակցված իրադարձություններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա ընդգծել է՝ միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք որևէ մեկին լավ բանի չի հանգեցրել։

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը, պարոն Գրիգորյանի անկեղծությունները Հայաստանի, այսպես կոչված, «եվրաինտեգրման» կամ «արտադաշինքային կարգավիճակի» վերաբերյալ, հանրապետությանն արևմտյան զենքի մատակարարումների մեծացումը, Երևանի անսպասելի, այսպես կոչված, «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, մենք դիտարկում ենք «որպես մեկ շղթայի օղակներ»»,- նշել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ վերոնշյալ «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացման», իսկ Երևանի նկատմամբ Արևմուտքի գործողությունները կապված են Ուկրաինայի ուղղությամբ նրանց վարած քաղաքականության ձախողումների հետ։

«Ուկրաինայում Արևմուտքի ծրագիրն ամբողջությամբ ձախողվեց։ Հիմա Արևմուտքը գիշատիչի պես Հայաստանից է կառչել և փորձում է այն պոկել Ռուսաստանից։

Ի՞նչ է նշանակում պոկել, մենք ինքնիշխան պետություններ ենք, մեր միջպետական ​​պայմանագրերը բոլորը կամավոր են կնքվել, ավելին, դրանք կոնկրետ արդյունք են տալիս։ Այդ արդյունքը կա, խոսքը բոնուսների մասին է, որ Հայաստանը ստանում է որպես պետություն՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ։ Ահա թե ինչից են փորձում զրկել Հայաստանին։

Մեր կողմից համոզված ենք, որ դա լիովին հակասում է հանրապետության, հայ ժողովրդի հիմնարար շահերին, ոչ թե այն պատճառով, որ մենք այդպես ենք կարծում, այլ որովհետև այդ մասին են խոսում բոլոր այն հավաստիացումներն ու խոստումները, որ հայ ժողովրդին տվել է Հայաստանի քաղաքական վերնախավը:

Եվ մեզ թվում է, որ դա ընդհանուր տարածաշրջանում կայունության հաստատման դեմ է գործում։ Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները չեն մոռացել, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված էր Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից ստացած առավելությունների վրա։ Սրանք իրական թվեր են և փաստեր։

Այս ամենը պահպանելու համար մեր գործընկերները դիմում են մեզ, միաժամանակ քայլեր են ձեռնարկում, հատկապես անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին և անտեսում Ռուսաստանի շահերը։ Սա ի՞նչ է՝ երկու աթոռի վրա նստելու փորձ։ Եթե ​​սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա, այն, իհարկե, ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - հավելել է նա։

  • Կիսվել: