կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ-ն հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ․ դեսպան

ՌԴ-ն հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ․ դեսպան

Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է աշխարհում որևէ պետության կամ դաշինքի գերիշխանությանը, սակայն արևմտյան գործընկերները, ի հեճուկս Մոսկվայի բռնած դիրքի, այդպիսի քաղաքական գիծ են այսօր որդեգրել, և արդյունքում ձևավորվել է ներկա իրավիճակը: Այս մասին «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և նրա գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, այս ամենը նաև ստեղծում է նոր հնարավորություններ․

«Ոչ միայն տնտեսական, այլև ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած և գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար աշխարհի քաղաքական և տնտեսական ճարտարապետության մեջ»։

Կոպիրկինն ընդգծել է՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածության դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ․

«Սակայն Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ: Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ կկարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել ներկայիս դժվարությունները և նույնիսկ ավելի ուժեղանալ»։

Դեսպանը նշում է, որ ԵԱՏՄ-ը շարունակել է զարգանալ և ցույց է տվել միության արդյունավետությունը, նրա պահանջված լինելը և ցույց է տվել տնտեսական աճի ցուցանիշներ:

«Ներկայիս պատժամիջոցներն, իհարկե, իրենց ծավալներով աննախադեպ են, բայց դա միաժամանակ նաև լավ խթան է առաջ շարժվելու, այդ թվում՝ սեփական արտադրանքը ավելացնելու համար: Ես նաև կարծում եմ, որ ներկա իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու Եվրասիական տնտեսական միության սերտաճումը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ եվրասիական մեծ գործընկերության ոգով, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս երկու խոշոր նախագծերի միջև ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով, այդ թվում այն մասնաճյուղերում, որտեղ նկատվում է գիտատեխնիկական առաջընթաց։

Այդ առումով հատուկ արդիականություն է ստանում արդյունաբերական փոխգործակցությունը մեր պետությունների միջև: Ինչպես փորձագետներն են կարծում՝ այս հարցում անհրաժեշտ է մակրոտնտեսական կարգավորումների կիրառումը կառավարությունների կողմից, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին», - հավելեց Կոպիրկինը:

 

  • Կիսվել: