երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արդյոք Հայաստանը գործառույթ չունի ուղեկցելու այդ մարդկանց Լաչինի միջանցքով. Քրիստինե Վարդանյան

Արդյոք Հայաստանը գործառույթ չունի ուղեկցելու այդ մարդկանց Լաչինի միջանցքով. Քրիստինե Վարդանյան

Ադրբեջանի տեսակետից չկա արցախցի և հայաստանցի, մենք բոլորս, ինչ-որ առումով Ադրբեջանի համար հանցագործ ենք. այսինքն, այցելել ենք Արցախ, հայ տղամարդկանցից և կանանցից շատերը մասնակցել են պատերազմին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Այսինքն տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Ադրբեջանի տեսանկյունից հնցագործներ են: Եվ այն, ինչ կատարվել է ՀՀ քաղաքացու հետ, այսինքն առեւանգվել է Կարմիր Խաչի կողմից ուղեկցման ժամանակ, կարող է պատահել բազմաթիվ հայերի հետ»,-ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով ադրբեջանցիների կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին։

Քրիստինե Վարդանյանն ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ խախտվում են քաղաքացիների իրավունքները և լռում են միջազգային կառույցները.

«Մենք տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում երեխաներով լցված մեքենա և ահաբեկում նրանց։ Այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւր է հայկական պետությունը, ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները միայնակ դիմագրավում այս վտանգներին։ Միակ պետությունը, որի պարտականությունն է ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը, արդյոք գործառույթ չունի ուղեկցելու այդ մարդկանց:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, «Հայաստան» խմբակցույթունը ՄԱԿ-ի գրասենյակ նամակ է հղելու այն պահանջով, որ քայլեր ձեռնարկվեն առևանգված քաղաքացու անհապաղ վերադարձի համար, ով առևանգվել է «Կարմիր խաչ»-ի աշխատակցի ուղեկցությամբ, ինչն, իսկապես աննախադեպ դրվագ է և հարված է հասցնում նաև «Կարմիր խաչ»-ի հեղինակությանը: Ադրբեջանի այս քայլը դադարել է այլեւս սպառնալիք հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացիների համար»,-ընդգծեց պատգամավորը:

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ ակնկալիք կա «Կարմիր խաչ»-ից, քանի որ միջազգային հանրությունն ու կառույցները որքան էլ որոշումներ ընդունեն, Ադրբեջանը դա չի կատարում, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Ակնկալիքը առաջին հերթին Հայաստանից է՝ քայլեր ձեռնարկելու իր քաղաքացիներին պաշտպանելու համար, բայց քանի որ դեպքը տեղի է ունեցել «Կարմիր խաչ»-ի պատասխանատվությամբ, այն առնչվում է Կարմիր խաչին եւ կարծում եմ, որ այս ու մնացած բոլոր դեպքերում էլ հնարավորինս հարցի վրա ուշադրություն սևեռելն ու չթողնելը, որ դրանք անհետևանք անցնեն, մեր նվազագույն պարտավորությունն է»։

  • Կիսվել: