հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնվում, որոնք 2008-2009 թթ․ Մանվել Գրիգորյանի հետ էին․Մարուքյան

Արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնվում, որոնք 2008-2009 թթ․ Մանվել Գրիգորյանի հետ էին․Մարուքյան

Այն, ինչ ԱԺ-ում տեղի է ունեցել, դա քաղաքական է և պետք է քաղաքական հետևանքներ ունենա: Այս մասին այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին իր ու իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ու դրան հաջորդած հայտարարություններին։

Նրա խոսքով, վարչապետն իր ելույթով լեգիտիմացրեց ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը և սկիզբ դրեց մի արշավի, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր։

«Այդ արշավն այսօր էլ թափ է հավաքել և կանգ չի առնում։ Դրանում կա խորքային մի հանգամանք, որ խորհրդրանում հնչած այլընտրանքային, քննադատական սուր խոսքը որակել  որպես սադրանք, հետո ասել, որ այդ ժամանակ կարելի է բռնություն կիրառել, իսկ երրորդ քայլով արդարացնում են այդ բռնությունը։ Դա ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր երևույթների վրա, մարդկանց խոսքի, ընդդիմադիր խոսքի, ալտերնատիվ ազատության վրա, և այդ առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, բայց սրանով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը։ Քանի որ այն իշխանությունը, որը արդարացնում է բռնությունը ազատ խոսքի դեմ, չի կարող լավ ապագա ունենալ»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով, ամեն ինչ արվել է,  որ իրենց տեղափոխեն այն դաշտը, որն իրենցը չէ, բայց չեն մտնելու այդ դաշտ:

«Բնականաբար, միս ու արյունից մարդիկ ենք, մի տեղ նյարդերն են տեղիք տվել, մյուս տեղերում համբերության բաժակն է լցվել և տարբեր տեղերում թույլ ենք տվել որոշակի վրիպակներ, որի համար մենք էլ ենք ցավում։ Բայց հարցը քաղաքական է և բոլոր շահարկումները պետք է հարցից հանվեն և այն  քննարկվի քաղաքական և իրավական հարթությունում՝ երաշխիքներով, որ երբևէ այլընտրանքային,  քննադատական սուր խոսքի հանդեպ բռնություն չի կիրառվելու»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ վարչապետը չի դատապարտել իրեն թիկունքից խփողներին, չի դատապարտել իր վրա հարձակվողին, իրեն սպառնացողներին։

«Օրեր են անցնում ու սպառնալիքները գնալով թեժանում են, արդեն հնչում են զինված սպառնալիքներ։ Վարչապետը շարունում է չդատապարտել ու էդ ամեն ինչը սրվում ա։ Ես տեսա արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնվում, դատապարտում են ինձ և այլն, և այլն։ Մտովի հետ եմ գնում 2008-2009 թթ. և հիշում, որ երբ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին։ Նրանք էսօր ինձ դատապարտում են, իբր պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը նրանց պաշտպանության կարիքը չունի, այդ թվում՝ մեզանից», - ասաց  Էդմոն Մարուքյանը։

 

 

  • Կիսվել: