ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախյան հարցն ի սկզբանե ու միշտ Հայաստանի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց. ՔՊ-ական պատգամավոր

Արցախյան հարցն ի սկզբանե ու միշտ Հայաստանի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց. ՔՊ-ական պատգամավոր

Արցախյան հարցը ի սկզբանե ու միշտ Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Ինչ-որ պահից սկսած՝ արցախահայությունը սկսել է իրեն անվտանգ չզգալ ու իր էքզիստենցիալ իրավունքը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել գնալ ինքնորոշման ճանապարհով, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարց ու հիմա շարունակում է լինել», - նշեց նա։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ՝ միջոց։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, թե հանրությունը տեղեկացված չի եղել բանակցային պրոցեսներից։

«Առաջ շարժվելու, խաղաղության օրակարգի շուրջ համախմբվելու համար ամենակարևոր նյուանսը սա է, որ բոլորս պետք է իմանանք ինչ է կատարվել Արցախի հարցի շուրջ, ինչ է կատարվում ու ինչ ճանապարհով ենք մենք շարժվում», - ասաց նա։

Ըստ նրա՝ այս պահին գլխավորն այն է, որ պետք է դիտարկել, բխեցնել կարգավիճակը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ու իրավունքների իրացման համար։

  • Կիսվել: