Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է. Արայիկ Հարությունյան
Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Այս մասին այսօր տեսաուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հավելեց. ՛՛Այդ նպատակին են ուղղված եղել մեր բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իմ կոչը ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում: Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:
Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում, և ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուր արցախաբնակ ընտանիքի անվտանգությունն այնքանով, որքանով երաշխավորում եմ իմ սեփական ընտանիքի անվտանգությունը: Արցախի հայկական ապագայի երաշխավորման գործում յուրաքանչյուր անձի ու ընտանիքի վաստակի առաջնահերթ դրսևորումը հենց Արցախում ապրելն ու գործելն է, իսկ դրա գինը՝ առերեսվող դժվարություններն ու խնդիրները՛՛: