Արցախը հայերով վերաբնակեցնելու համար իշխանությունը հարցը պետք է միջազգային օրակարգ մտցնի, բայց չի կարողանում.Մամիջանյան
Հայաստանը տարածաշրջանում գործոն էր, Հայաստանի հետ հաշվի էին նստում, իսկ հիմա դարձել ենք ընդամենը միջազգային իրավունքի օբյեկտ, որն իր վրա կարող է կրել եւ կրելու է ամենավատագույն լուծումները, որոնք հրամցվելու են սրանց: Այս մասին այսօր Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ ո՞րն է ընդդիմության անելիքը այս պայմաններում, նա պատասխանեց. «Օրուգիշեր, բոլոր հնարավոր ճանապարհներով պայքարել դրա դեմ, ինչը այս պահին ակնհայտորեն հաջողության չի հասնում: Պետք է օգտագործվեն բոլոր գործիքները՝ այսպիսի ելույթներից մինչեւ յուրաքանչյուր քաղաքացու հետ հանդիպում, զրույց, բացատրություն, որովհետեւ ՀՀ քաղաքացին իր բնույթով շատ խելացի է: Իրեն պետք է միայն ճշմարտությունը հրամցնել:
ՀՀ-ում ամեն 3-րդ կամ 4-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան: Դրանք մարդիկ են, որոնք նիրհից զարթնել են: Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի ամեն ինչ, որ այդպիսի մարդիկ շատանան»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի խնդրին, Մամիջանյանն ասաց. «Արցախը հայերով կրկին վերաբնակեցնելու համար կան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ:
Առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը, ըստ նրա, ՀՀ իշխանությունների կողմից նման հարցի և ներքաղաքական, և միջազգային քաղաքական օրակարգում բարձրաձայնումն է։
«Ո՞ւր է, մի շնչավոր չենք տեսնում, թող գան, տեսնենք ինչն ենք կորցրել իրենց պատճառով, ինչն են հանձնել, գոնե դա թող գան նայեն, բայց դա իրենց չի հետաքրքրում, իրենք նորմալ հայի, հայրենասեր հայի օրակարգից տրամագծորեն տարբեր օրակարգ ունեն»,- նշեց Մամիջանյանը։
Նա շեշտեց՝ Արցախը հայերով վերաբնակեցնելու համար անհրաժեշտ են շատ պայմաններ, բայց առաջնային ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցը դարձնեն միջազգային օրակարգի մաս, բայց դա այս իշխանություններն անել չեն կարողանում:
«Չեն կարողանում ոչ միայն այն պատճառով, որ չեն ուզում, այլ պատճառով, որ իրենք գործոն չեն: Առանց Հայաստանի ներկայացուցչի մասնակցության որոշվում է Հայաստանի ճակատագիրը, երբեմն դրան հրավիրում են մասնակցության Հայաստանի ներկայացուցչին, երբեմն չեն էլ հրավիրում»,- հայտարարեց նա: