երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում նոր իշխանական բուրգ է ձևավորվելու, արմատական փոփոխություններ են լինելու. Դավիթ Բաբայան

Արցախում նոր իշխանական բուրգ է ձևավորվելու, արմատական փոփոխություններ են լինելու. Դավիթ Բաբայան

Արցախում արդեն ուրվագծվում է 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակիցների շրջանակը և պայքարը լինելու է մրցակցային, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Արցախում ընտրություններին ընդառաջ ստեղծված իրավիճակը:


Դիտարկմանը, թե Արցախում մրցակցային ընտրություններ են սպասում, բայց Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ Արցախում քաղաքական դաշտը հատվածական է, որը ոչ թե ժողովրդավարության, այլ մասնատվածության նշան է, Բաբայանը արձագանքեց. «Մենք կողմ են, որ ընտրություններում ակտիվ մրցակցություն լինի»:


«Մենք մեկս մյուսին մրցակիցներ ենք, բայց շատ կարևոր է, որ չթշնամանանք: Արցախում կան մեկ երկու խենթ մարդիկ, ովքեր թշնամություն են քարոզում: Չեմ ուզում անուններ տալ, բայց մենք միշտ կոչ ենք արել՝ պետք է մտածել, որ վաղը կարող է լինել պատերազմ, և մարդիկ միասին գնան խրամատում կանգնեն: Իսկ եթե անպատվում են, հայհոյում են, ինչ-որ աննորմալ բաներ են ասում, ինչպե՞ս պետք է միասին կանգնեն խրամատում: Բայց ուրախալին այն է, որ դրանք բացարձակ փոքրամասնություն են, քաղաքականության մեջ պատահականություն են», -ասաց Դավիթ Բաբայանը:


Նրա խոսքով, թշնամություն քարոզող մարդիկ չեն վայելում ժողովրդի հարգանքը և նրանց ընտրազանգվածը լինելու է մի քանի մարդ:
Մյուս դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նորմալ չէր համարել, որ Արցախի իշխանությունը նախագահական ընտրություններում չի ներկայացնում իրավահաջորդ, Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում միանգամայն նոր իշխանություն է գալիս: «Արցախում, այո, նոր իշխանական բուրգ պետք է ձևավորվի: Ժողովուրդը պետք է ընտրի նոր ղեկավարների, հետևաբար մենք պետք է հետևենք ժողովրդավարության պահանջներին», -հավելեց Բաբայանը:


Արցախում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքներով իշխանությունների արմատական փոփոխություն է լինելու, ինչը, ըստ Բաբայանի, բնական է, քանի որ գործող նախագահը չի առաջադրվում: «Ժողովրդավարությանը բնորոշ երևույթ է: Կարևորը՝ մենք չթշնամանանք, կարևորը՝ առողջ ուժեր գան Արցախում, ժողովրդի հարգանքը վայելող, պարկեշտ, խելացի, գրագետ»,- նկատեց Բաբայանը:


Նշենք, որ իր հարցազրույցուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել էր. «Արցախյան իշխանության կողմից հռչակված գալիք նախագահական ընտրություններին իրավահաջորդ չունենալու փաստը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման, ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը»:

  • Կիսվել: