Արցախի ժողովուրդն ընտրել է՝ իր հանրային կյանքը կառուցել ըստ ժողովրդավարական մոդելի․ ԱԳՆ ղեկավար
Արցախի ժողովուրդն իր ընտրած ճանապարհով արտահայտում է իր մոտեցումն ու դիրքորոշումը։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Արցախում մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների միջազգային արձագանքներին։
«Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց Արցախի իշխանություններին՝ շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ընտրություններն էական նշանակություն ունեին մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության, խաղաղ գործընթացի առումով: Հայաստանի իշխանությունները եղել և մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Արցախի ժողովուրդն ընտրել է՝ իր հանրային կյանքը կառուցել ըստ ժողովրդավարական մոդելի»,- ասաց նախարարը:
Մնացականյանը հայտնեց, որ միջազգային արձագանքների առումով առաջնահերթ են այն հայտարարությունները, որոնք արվել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմիններին: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների հայտարարության մեջ ընդգծվում էր Արցախում ապրող մարդկանց դերն իրենց ապագան որոշելու և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտության հարցում:


