ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ն Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը չընդունեց

ԱԺ-ն Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը չընդունեց

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, որով առաջարկվում էր պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, չընդունվեց։ «Քաղաքացիական պայմանագիրը» չմասնակցեց հայտարարության նախագծի քվեարկությանը։

31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով հայտարարությունը չընդունվեց։
 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը քննարկմանն ասաց, որ առաջարկվող նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ են իրենց պատկերացումներին, բայց կան նաև տարաձայնություններ որոշ կետերի վերաբերյալ։

«Հայաստան խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է խաղաղության օրակարգի առաջխաղացմանը և մենք որպես ՀՀ պատասխանատու իշխանություն չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- ընդգծեց նա։

Հայտարարության նախագիծը ներկայացնող Անդրանիկ Թևանյանը նշեց, որ անհամաձայնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախ Հանրապետություն ձևակերպմանը։

«ՔՊ-ն դեմ է այդ ձևակերպմանը և իրենք ջնջել են (նախագծի աշխատանքային քննարկումների ժամանակ – խմբ․) հանրապետություն ձևակերպումը։ Օրինակ, մեր մոտ գրված է՝ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից, իրենք առաջարկում էին Լեռնային Ղարաբաղի հայության վրա հարձակում։ Դա նշանակում է, որ Ղարաբաղի հայ ժողովուրդը դիտարկվում է որպես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություն»,- ասաց Թևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ երկրորդ հակասությունը վերաբերում էր Արցախի ինքնորոշման իրավունքին․ «Իրենք դրան կողմ չեն։ Հանված էր Հայաստանի հանձնառությունը՝ ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով։ Այն մոտեցումը, համաձայն որի՝ Ղարաբաղը Հայաստանի շահերից պետք է տարանջատել և Ղարաբաղը հանձնելու գնով հասնել խաղաղության, մեզ համար անընդունելի է։ Դա չի բերելու խաղաղության, դա բերելու է պատերազմի, դա այս անգամ բերելու է Հայաստանի կապիտուլյացիային»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

 

  • Կիսվել: