հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի քաղաքական դիսկուրսում չկա խոսակցություն, որ ադրբեջանցիները գալիս են. Բաբայան

Արցախի քաղաքական դիսկուրսում չկա խոսակցություն, որ ադրբեջանցիները գալիս են. Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջերս լայնորեն քննարկվող այն տեղեկությանը, իբև թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը քննարկվել է Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը:

Այս առնչությամբ Բաբայանը գրել է. «Արցախի Հանրապետության քաղաքական դիսկուրսում չկա խոսակցություն, որ ադրբեջանցիները գալիս են, և իրենք պետք է պատրաստեն նրանց համար տեղեր՝ ստեղծելով հնարավորություններ, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին:

Երբ ԱՀ-ն ստեղծվում էր, և հանրաքվե տեղի ունեցավ 1992թ., այն ժամանակ նույնիսկ հանրաքվեի մասնակցության համար ադրբեջանցիների համար ստեղծվել էին բոլոր պայմանները, բոլոր նյութերը տպագրվել էին նաև ադրբեջաներենով, առաջին գումարման ԱԺ-ում ադրբեջանցիներն իրենց թվաքանակին համապատասխան տեղ ունեին, այն պահպանվում էր մոտ 5 տարի, բայց նրանք չեն մասնակցել այդ ամենին, բոյկոտել են՝ սրանով իսկ իրենց որոշումը կայացրել են: Այսինքն՝ իրենք չեն ընդունում Արցախի Հանրապետությունը, իրենց համար չկա Արցախ/ի Հանրապետություն, իրենք մնում են Ադրբեջանի քաղաքացիներ:

Արցախի քաղաքացիները չեն մասնակցելու այլ երկրների ընտրություններին, քանի որ դա Արցախի օրենքներով արգելված է, այլ երկրների օրենքներով ևս արգելված է:

Նույնիսկ մեր երկրի օրենքով արգելված է, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին մասնակցի Մարտակերտի բնակիչը: Ադրբեջան/ի նման հայտարարությունները շահարկումներ են, երբեմն դրանք չափազանց ցածրորակ են, այնքան ցածրորակ, որ, իմ խորին համոզմամբ՝ դրանց հարկավոր էլ չէ արձագանքել, որովհետև իմաստ չկա:

ՄԻՊ-ի պատասխանը ես կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝ ԱՀ-ն խտրականություն չի դնում, թե ով է, ինչ ազգության ներկայացուցիչ է, եթե ինչ-որ մեկը, ասենք՝ պորտուգալացին, որոշում է Արցախ տեղափոխվել, նա իրավունք ունի քաղաքական կյանքում իր մասնակցությունն ունենալ՝ ըստ օրենքի: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա, եթե խոսում ենք անհատական դեպքերից, ապա ինչ-որ մի ադրբեջանցի վաղը կարող է՝ Վրաստանից կամ ինչ-որ մի տեղից (եղել է դեպք, որ փախել են Ղարաբաղ), ցանկանա դառնալ Արցախի քաղաքացի, մենք խտրականություն չենք կարող կիրառել: Խոսքն այսպիսի դեպքերին կարող է վերաբերել: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին, ապա դրա մասին խոսք չի կարող լինել, քանի որ մենք ունենք հստակ պատկերացում:

Մեր պատկերացումը հետևյալն է. պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական խնդիրները, այսինքն՝ որևէ քաղաքական հարց չպետք է չկարգավորված մնա երկու պետությունների հարաբերություններում, երկու պետությունները պետք է միմյանց ճանաչեն, հստակեցվեն սահմանները, բոլոր քաղաքական հարցերը լուծվեն, որից հետո մենք կխոսենք փախստականների ճակատագրի մասին: Արցախը դեմ չէ փախստականների վերադարձին, բայց պնդում է, որ պետք է նախևառաջ լուծվեն քաղաքական հարցերը:

Չափազանց կարևոր հանգամանք է նաև այն, որ ադրբեջանցի փախստականների վերադարձին զուգահեռ՝ պետք է լինի հայ փախստականների վերադարձի գործընթաց: Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը շատ պարզ է, և այստեղ չկա ոչ խտրականություն, ոչ այլ բան: Այս հայտարարությունները որևէ գործընթացի մաս չեն և որևէ գործընթացի մասին չեն խոսում, սա Ադրբեջանի հերթական հայտարարությունն է, որով փորձում են մոլորության մեջ գցել հասարակություններին»:

  • Կիսվել: