երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի պետական ինստիտուտները ՀՀ–ում գործում են` ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

Արցախի պետական ինստիտուտները ՀՀ–ում գործում են` ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն անիմաստ է։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով համապատասխան հարցին։
ՀՀ նախագահն ընդգծեց, որ ՀՀ–ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։
 
«Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն... ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,–ասաց Խաչատուրյանը։
 
Հարցին, թե Հայաստանը ինչպես է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանեց` այդ հարցը արդեն քննարկվում է։
Նախագահը չհամաձայնեց լրագրողի այն ձևակերպմանը, թե արցախահայությունը կարծում է, որ ՀՀ–ն չպետք է հանձներ իրենց հայրենիքը թշնամուն։
 
«Հայաստանի Հանրապետությունը տենց բան չի արել, իսկ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռ 1991 թվականին»,–ասաց նա։
Լրագրողի ճշտող հարց տվեց` այսքան ժամանակ Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը։
«Թող վերցներ»,– ասաց Խաչատուրյանը։

  • Կիսվել: